Մատչելիության հղումներ

ՌԴ իշխանությունները մեղմում են ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը․ Պեսկով


Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել ամերիկյան սպասվող պատժամիջոցների հարուցելիք վնասը հնարավորինս մեղմելու համար: Երեք «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կառավարությունն ու նախագահը մշտական կապի մեջ են և արդեն ձեռք են առել հնարավոր բոլոր միջոցները՝ ռիսկերից խուսափելու համար»,- ասել է Պեսկովը, հավելելով՝ նախ և առաջ պետք է պաշտպանել Ռուսաստանի տնտեսությունը:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կրեմլի մասին զեկույցը Կոնգրեսի հաստատմանը պետք է ներկայացնի արդեն առջիկա օրերին՝ մինչև հունվարի վերջը: Նոր պատժամիջոցների մասին զեկույցում ներառված են ոչ միայն ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ ու Կրեմլին մոտ կանգնած գործարարեր, այլև նրանց ընտանիքների անդամները:

Ռուաստանյան մամուլում այս թեման անցած շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկվել է: Հրապարակումներից մեկի համաձայն, մասնավորապես, քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել է, որ այդ զեկույցում ներառված են Ռուսաստանի բոլոր խոշորագույն բանկերը, այդ թվում՝ «Սբերբանկը» և «Վնեշտորգբանկը»: Տակավին հայտնի չէ, սակայն, թե հատկապես որ պաշտոնյաններն ու գործարարներն են այս անգամ հայտնվելու ամերիկյան պատժամիջոցների թիրախում: Հայտնի չէ նաև, թե ինչ սահմանափակումներ են նախատեսված ԱՄՆ ֆիննախի զեկույցում:

Ռուսաստանի մի շարք օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ 2014 թվականից արդեն գործում են ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցներ: Մասնավորապես՝ արգելված է նրանց մուտքը Միացյալ Նահանգներ ու Եվրամիության անդամ երկրներ: Պատժամիջոցներ են գործում նաև ռուսաստանյան մի շարք խոշոր ընկերությունների նկատմամբ, մասնավորապես՝ ռազմական ոլորտի:

«Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պեսկովն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրություններին, համոզմունք հայտնելով, որ դրանցում հաղթանակ է տանելու գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանին Ղրիմի միավորումից հետո ավելի շատ ռուսաստանցիներ են աջակցում 65-ամյա գործող նախագահին:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG