Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանի տրամադրած ֆինանսավորմամբ կլուծվեն Գյումրիի Ասլամազյան պատկերասրահի խնդիրները


Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրամադրված 100 մլն դրամով ոչ թե 12 հուշարձան կտեղադրվի Գյումրիում, այլ լուծում կտրվի Մարիամ ու Երանուհի Ասլամազյան պատկերասրահի բազմաթիվ խնդիրների:

2004 թվականին «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված շենքում, ինչպես «Ազատության» հետ զրույցում հիշեց Շիրակի մարզի այն ժամանակվա մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանը, ի սկզբանե շինարարական աշխատանքները անորակ էին կատարվել ու հիմա այն կրկին վթարային վիճակում է հայտնվել:

«Այն ժամանակվանից արդեն շենքի վրա այդ թերությունները կային, բայց թե ինչո՞ւ են հանձնել՝ չգիտեմ», - հիշեց պատմեց Կիրակոսյանը:

Ասլամազյան քույրերի պատկերասրահի հիմնանորոգման համար կազմվել է նախահաշիվ: Նախագահի կողմից տրամադրվելու է 100 մլն դրամ:

Պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը «Ազատության» հետ զրույցում ցույց տվեց պատկերասրահի պատշգամբը, որը շինարարական թերի աշխատանքների պատճառով հիմնանորոգումից հետո կրկին հայտնվել է վթարային վիճակում:

Պատշգամբի հիմնանորոգումից բացի նաև լուծվելու է պատկերասրահի ջեռուցման հարցը: Ժամանակին «Լինսի» հիմնադրամը ջեռուցման նպատակով օդորակիչներ էր տեղադրել, բայց Ղուկասյանի խոսքով՝ այդ տարբերակը իրեն չի արդարացրել․ - «Իրենք հաշվի չեն առել, որ օդորակիչները նախ շատ ծախսատար են և նաև չեն համապատասխանում ձմեռային եղանակներին՝ -2-3 աստիճանից հետո չեն կարողանում տաք օդ փչել»:

Պատկերասրահի շենքը քաղաքի այն հատվածում է, որտեղ խոնավությունը բարձր է: Ժամանակին դրենաժային համակարգ կառուցելու, ջրահեռացման հարցը կարգավորելու փոխարեն, ինչպես նշում է Վահագն Ղուկասյանը, շինարարներն «օպտիմալ լուծում» են գտել՝ «խնդիրները կոծկելու համար նկուղը լիցք են արել, որպեսզի ջուրը փակեն և փաստացի այս հիանալի շենքը չունի նկուղ»:

Պատկերասրահը գործում է 1987 թվականից՝ Մարիամ Ասլամազյանի 70-ամյակին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը Գյումրիին նվիրեցին մոտ 620 բնօրինակ՝ գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներ: Դրանց ընդամենը մի մասն է, որ պակերասրահը կարողանում է ցուցադրել: Վահագն Ղուկասյանն ասում է, որ պատկերասրահի հիմնանորոգմանը զուգահեռ նաև պահոցում պահվող ցուցանմուշների շրջանակների հարցը կլուծվի:

Հիմա պատկերասրահ հաճախողները քիչ են, քանի որ ցուրտ է: Ամռան ամիսներին բավականին մեծ թվով այցելուներ են ունենում: Անցած տարի օրինակ շուրջ 11 հազար այցելու են ունեցել, որը կրկնակի ավելին է ելել նախորդ տարվա համեմատ:

Անցած տարի հոկտեմբերին Գյումրիի օրվա տոնակատարությանը մասնակցած նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել ֆինանսավորել Աբովյան փողոցում 12 հուշարձանների տեղադրման ծախսերը, սակայն մոտ 200 մետր երկարություն ունեցող փողոցի այդ հատվածում 12 արձանների տեղադրման գաղափարը քննադատության արժանացավ սոցիալական ցանցերում: Հանրային քննարկում կազմակերպվեց և քաղաքային իշխանությունները, քննադատության հետ հաշվի նստելով, որոշեցին արձաններ տեղադրելու փոխարեն վերանորոգել Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG