Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի դպրոցը 1988-ի երկրաշարժից հետո ժամանակավորապես տեղակայվել էր սեփական տներում։ Անցել է 29 տարի, բայց մինչ օրս դասերը 3 առանձին տներում են անցկացվում:

Աշակերտները հիմնականում դասասենյակներում են, ուսուցիչներն են ամեն դասից առաջ դասարանից դասարան գնում, կամ ավելի ճիշտ՝ տնից տուն։

«Դժվար է, բայց ինչ արած։ Էս տարի գոնե տաք ձմեռ եղավ», - ասում էին նրանք: - «Մենակ անձրևին է մի քիչ պրոբլեմ..․»:

Աշակերտների համար երազանք է դարձել հանդիսությունների և սպորտի դահլիճը, ինչպես նաև նավթի վառարաններից ազատ դասարաններ ունենալը:

10-րդ դասարանի աշակերտուհի Մարիետան հիշում է բազմաթիվ դեպքեր, երբ դպրոցական հանդեսները կիսատ են մնացել եղանակի պատճառով։ Նա վստահ է՝ իր վերջին զանգն էլ դրսում կլինի։

35 աշակերտ ունեցող դպրոցում դասարանները կոմպլեկտավորված են։ Օրինակ՝ 7-րդ դասարանի միակ աշակերտը՝ Վահագը, 8-րդ դասարանի երեք աղջիկների և 9-րդ դասարանի երկու տղաների հետ է դասի նստում։

29 տարվա մեջ դպրոցի նոր շենք կառուցելու ծրագիրը 3 անգամ ձախողվել է։ Տնօրենի Հասմիկ Սահակյանի խոսքով՝ կարծես թե մոտեցել են իրենց երազանքի իրականացմանը։ Նոր շենքի նախագիծ կա արդեն։ - «Ամեն սեպտեմբերի 1 ասում ենք՝ հուսանք», - նշում է նա: - «Դե՝ նախագծի վրա հսկայական գումար է ծախսվել, ինձ չի թվում, թե հենց այնպես ջուրը կլցնեն այդ նախագիծը»:

Ուսուցիչները վստահ են՝ եթե նորմալ շենք լինի, աշակերտների թիվը կավելանա։

2018-ի վերջին զանգն Արեգնադեմում եղանակի պատճառով չի տապալվի․ շրջանավարտ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG