Ամերիկյան Սենատը չի հաստատել բյուջեի նախագիծը, ինչի արդյունքում բազմաթիվ պետական հաստատություններ ստիպված են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը: Առայժմ հստակ չէ` այս իրավիճակը որքան երկար կշարունակվի:
Ըստ ամերիկյան օրենսդրության, ֆինանսական նախագծերի հաստատման համար անհրաժեշտ է 60 ձայն, սակայն, բյուջեի նախագծի օգտին երեկ կողմ են քվեարկել միայն 51֊ը, 44 դեմոկրատներ ու 4 հանրապետականներ` դեմ:
Դեմոկրատ սենատորները վաղուց էին նախազգուշացրել, որ գնալու են այդ քայլին, որպեսզի ստիպեն հանրապետականներին համաձայնել Ամերիկայում մեծացած միգրատներին օրինական կարգավիճակ տալու առաջարկին: Ըստ հաշվարկների, այժմ Նահանգներում ավելի քան երկու միլիոն մարդ կա, ով ապօրինի Ամերիկա է եկել փոքր հասակում և մինչ օրս չունի երկրում ապրելու իրավունք:
Հաղորդվում է, որ հանրապետականների և դեմոկրատների միջև բանակցությունները շարունակվում են, Սպիտակ տունը չի բացառել, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում արդեն կողմերը կարող են փոխզիջումային տարբերակ գտնել: