Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով դատական նիստը մեկնարկեց միջադեպով


Ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ մեղադրյալ Ներսես Պողոսյանի և մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանի պաշտպանի միջև։

Հովհաննես Պետրոսյանը միակ մեղադրյալն է, որ ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ։ Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը առարկեց Սեֆիլյանի ու Պողոսյանի պաշտպանների միջնորդության դեմ․ վերջիններս առաջարկում էին դատարան բերել Հովհաննես Պետրոսյանի ազգականին՝ Սմբատ Գալոյանին, ով, ըստ պաշտպանների, Ազգային անվտանգության ծառայության գործակալ է, և հենց նրա միջոցով են շինծու քրեական գործ սարքել Սեֆիլյանի դեմ։

Ներսես Պողոսյանը պնդեց, թե իրենք հիմնավոր միջնորդություն են ներկայացնում, ինչից հետո արդեն նրանց միջև բախում տեղի ունեցավ․ փաստաբանը շարժվեց դեպի ամբաստանյալը, ոստիկաններն էլ փորձում էին հետ քաշել Ներսես Պողոսյանին մոտեցած փաստաբանին։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նախազգուշական սանկցիա կիրառեց դատական նիստը խանգարած փաստաբանի և մեղադրյալի նկատմամբ։

Դատավորը նաև մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ դատարան հրավիրել նրանց մատնանշած անձին։ Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, մինչդեռ, ասաց՝ իրենք չեն ասում, որ Գալոյանը հանցանք է կատարել։ Պնդում են, որ նա կատարել է վերադասի հանձնարարությունները, որոնք որպես անօրինական ապացույցներ չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում։

Հայրապետյանն ասաց, որ հենց Գալոյանը տեղեկություն ունի Սեֆիլյանի մեղադրականում նշված 250-300 հոգանոց զինված խմբերի մասին․ - «Պաշտպանական կողմը ձեռք է բերել ապացույցներ այն մասին, որ Սմբատ Գալոյանն է մոտեցել Հիմնադիր խորհրդարանի շատ անդամների, փորձել է հրահրել, ասել է՝ ես ունեմ 300 հոգանոց խմբեր, և կարող եմ աջակցել, եկեք հանդիպենք, որպեսզի ես կարողանամ աջակցել»:

Դատավորը նաև մերժեց որպես վկա դատարան կանչել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ալեք Ենիգոմշյանին և Սյուզան Սիմոնյանին։ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էր միջնորդել՝ պնդելով, թե նրանք կվկայեն, որ ընդդիմադիր գործիչը զանգվածային անկարգություններ չի ծրագրել, ինչպես նաև մտադիր չի եղել տարբեր պետական կառույցներ գրավել։

«Ալեք Ենիգոմշյանը տեղյակ է դատարանում ուսումնասիրված այն բոլոր առարկաների հետ կապված, որոնք իբրև թե պետք է ծառայեին զանգվածային անկարգության գործիքներ: Դատարանում երկու փայտյա 2.5-3 մետրանոց իրեր մեկնաբանվեցին: Փայտյա իրերից մեկը, հարգելի դատարան, պոլի փայտի հաստությամբ փայտ էր, որը վերևի մասում բարակում էր և սուր էր: Ալեք Ենիգոմշյանը տեղյակ է, թե դա որտեղ պետք է օգտագործվեր»:

Այսօրվա դատավարության սկզբում դատարան էր կանչվել ոստիկանության փորձագետ Ռուդիկ Պողոսյանը, ով փորձաքննության է ենթարկել ամբաստանյալ Հրայր Թոփչյանի մոտից՝ ավտոմեքենայից հայտնաբերված երկու ինքնաձիգները, որոնցով, ըստ մեղադրականի, Սեֆիլյանն ու մյուսները պետք է ռազմավարական նշանակության շենքեր գրավեին։

Թոփչյանը հայտարարեց, որ քրեական գործում որպես իրեղեն ապացույց առկա են ոչ այն ինքնաձիգները, որոնք հայտնաբերվել էին ավտոմեքենայում:

«Ազատության» հետ զրույցում Թոփչյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը պնդեց, որ իր պաշտպանյալի մոտ հայտնաբերվել էր ղարաբաղյան պատերազմից մնացած, ժանգոտած ու շարքից դուրս եկած երկու ինքնաձիգ: Նրա խոսքով, սովորաբար փորձաքննական եզրակացությունները տրվում են ներկայացնելուց առնվազն մեկ ամիս հետո, իսկ նշված եզրակացությունը տրվել է ընդամենը ժամերի ընթացքում:

Մելիքյանն ասաց, որ իր պաշտպանյալի հայտարարությունը կասկածի տակ է դնում փորձաքննության արդյունքը։ Հատկապես, որ փորձագետը 20 փամփուշտները փորձարկման համար կրակելուց հետո պարկուճները որպես իրեղեն ապացույցներ չի պահպանել։

Այսօր կարճ ժամանակով դատարան բերվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանը։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ։ Վերջիններս դեռ անցած նիստից էին հեռացվել, և այսօր բերվելով դատարան՝ կրկին պնդեցին իրենց պահանջը՝ քանի դեռ իշխանությունները չեն կատարել «Սասնա ծռերի» անդամներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի պահանջը՝ իրենց Նուբարաշենից տեղափոխել Արմավիրի բանտ, իրենք կրկին լքում են նիստերի դահլիճը։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրանց 8 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG