Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը՝ Արմեն Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին


Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյան, արխիվ

«Ծառուկյան» խմբակցությունը չի շտապում տեսակետ հայտնել երկրի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկել է խորհրդարանում անցկացվելիք նախագահի ընտրություններում դառնալ Հանրապետականի թեկնածուն։ Որոշում կայացնելու համար Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել:

Հանրապետականի առաջնորդը խոսակցության ընթացում նկատել է՝ ցանկանում են, որ ընտրությունը տեղի ունենա մեկ փուլով: Առաջին փուլով նախագահ ընտրելու համար ՀՀԿ-ի և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ձայները խորհրդարանում չեն բավարարում․ այս երկու ուժերը միասնաբար ունեն 65 պատգամավոր, մինչդեռ նրանց անհրաժեշտ է 79 ձայն: Ուստի՝ իշխող կոալիցիային նաև ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի աջակցությունն անհրաժեշտ կլինի։ Իսկ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ չէր բացառել, որ իր գլխավորած խմբակցությունը կարող է սատարել իշխող Հանրապետականի թեկնածուին: «Դիրքորոշում կհայտնենք, երբ Արմեն Սարգսյանը կկայացնի իր վերջնական որոշումը»,- այսօր ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, շարունակելով․

«Մենք SOS կերպով չէինք հրավիրելու քաղխորհրդի և խմբակցության նիստ և որոշում կայացնեինք այն դեպքում, երբ թեկնածուն ինքը (հղում եմ անում թեկնածուի արած հայտարարությանը) ասում է, որ իրեն ժամանակ է պետք քաղաքական, մտավոր, գիտական, մշակութային շրջանակին հանդիպելու և իր վերջնական որոշումը կայացնելու համար»:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը ևս, խմբկացության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, վերջնական որոշում չունի։ Ասաց՝ տեղյակ են եղել, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկելու է դառնալ Հանրապետականի թեկնածուն, բայց վերջնական որոշում իրենք կկայացնեն Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո միայն։

«Մեր կարծիքով, իսկապես, նա պետք է մարմնավորի ողջ հայությունը: Եվ Հայաստան-Սփյուռքը, որպես մեկ ամբողջական հայություն, պետք է ընդունելի համարեն նախագահի՝ այս կարգով ընտրությունն ու անձը: Մենք անձամբ իրեն չենք հանդիպել, բայց բնական է՝ իրեն վաղուց ճանաչել ենք, հարաբերություններ ունեցել ենք: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի որակներն իսկապես համապատասխանում են, որ առաջադրվելու այս առաջարկությունը կատարվեր այս փուլում: Այն գործընթացը, որ նախանշված են հրապարակային ու բազմակողմանի հանդիպումներ, մենք դա նույնպես ողջունում ենք, և վերջնական որոշում մենք էլ պետք է կայացնենք: Մենք էլ դեռ չունենք այդ վերջնական որոշումը: Իր հանդիպումների արդյունքում կորոշենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց՝ կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ քննարկել են նաև այլ թեկնածություններ: Անուններ, սակայն, հրաժարվեց տալ։ Հանրապետականից կարծիք է հնչել, թե Արմեն Սարգսյանը նախագահի «անխոցելի թեկնածու է»: Ռուստամյանը, մինչդեռ, կարծում է, որ կատարյալ մարդիկ չեն լինում, և ամեն մեկն էլ ունի «աքիլլեսյան գարշապար»։ Ո՞րն է Արմեն Սարգսյանի «աքիլլեսյան գարշապարը»:

«Ես հիմա չեմ խոսելու գարշապարների մասին, ես ավելի շատ խոսում եմ մնացած մարմնի անխոցելիության մասին: Կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր է: Իսկ ում կթվա, թե էդ գարշապարը չունի, չարաչար սխալվում է, բոլորն էլ ունեն: Մարդիկ կան, որ ոչ միայն գարշապարը, այլև մարմնի զգալի մասն է խոցելիությամբ տառապում»,- պատկերավորեց Ռուստամյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է՝ հանդիպումներից հետո իրենց թեկնածուն քաղաքական բոլոր ուժերի կողմից «ընկալելի կլինի»։ Նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել, որ Հայաստանի չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում:

«Ե՛վ միջազգային իմիջի համար, և՛ հանրության մեջ ավելի ընկալելի լինելը կարևորում ենք մենք: Դա չի կարող լինել պարտադրանք, դա պարզապես հորդոր է, որ հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվողը հանրության մեջ ավելի ընդունելի և ավելի ընկալելի լինի, բնականաբար՝ ընկալելի լինի նաև քաղաքական ուժերի համար, որովհետև հանրապետության ընտրված նախագահի լիազորությունների մեջ պետք է մտնի նաև քաղաքական ուժերի համախմբումը:

Եթե նա արդեն իսկ գնում է որպես համաձայնության դաշտում ընտրված նախագահ, նրա համար բավականին հեշտ կլինեն այդ գործողությունները: Նաև եթե կան հանրության մեջ ինչ-որ հուզումներ, նա պետք է նաև այդ բեռը վերցնի, որպեսզի կարողանա հանդիպումների միջոցով հարթել նմանատիպ անհամաձայնությունները, եթե կլինեն այդպիսիք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իրենք թեկնածու առաջադրելու համար մինչև փետրվարի 18-ը ժամանակ ունեն․ Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը պետք է կազմակերպվի փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում: ՀՀԿ-ն համոզված է, որ Արմեն Սարգսյանն առաջարկը չի մերժի, բայց, խմբակցության ղեկավարի խոսքով՝ պատրաստ են նաև անակնկալների․ «Մեր ժամանակը բավարարում է, եթե ֆորսմաժորային իրավիճակ կլինի, մենք ժամանակ ունենք նոր քննարկում կազմակերպելու համար»:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը դեռ չի քննարկել այս հարցը: Ավելի վաղ Արամ Սարգսյանը բացառել էր, որ «Ելքը» կողմ կքվեարկի իշխանության ներկայացրած նախագահի թեկնածուին։

Հիշեցնենք՝ «Ելքը» նախագահի պաշտոնում որոշել էր առաջադրել սեփական թեկնածուին՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: Բայց քանի որ Սահմանադրությամբ նաև առաջադրման շեմ է սահմանված՝ առնվազն 27 պատգամավոր իրավունք ունի նախագահի թեկնածու առաջադրել, ուստի աջակցության խնդրանքով դիմել էին «Ծառուկյան» խմբակցությանը: Բայց այս հարցում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը «Ելքին» չաջակցեց:

«Ես ասել եմ, որ մեր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Ես մեկ թեկնածուով որևէ ընտրություն չեմ ընդունում: Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր կատեգորիկ չեն: Ես իմ տեսակետն ասել եմ, բայց ես չեմ բացառում, որ եթե ընկերներս արգումենտներ բերեն, իմ տեսակետում կոմպրոմիսների գնամ»,- այսօր «Ազատությանն» ասաց Արամ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG