Մատչելիության հղումներ

«Փաստաբաններին փորձում եք տուգանել, որպեսզի իրենք կառավարելի լինեն»


Փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատության» ստուդիայում:

Մի խումբ փաստաբաններ ահազանգում են, թե փաստաբանական ինստիտուտի անկախությունը կասկածի տակ է դրվում, և փաստաբանների նկատմամբ ճնշումները մեծ թափով ավելանում են:

Խորհրդարանում անցած դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգրքի նախագիծը դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ մինչև 100 հազար դրամի տուգանք է նախատեսում: Օրերս մոտ 1000 փաստաբանները հայտարարություն են տարածել՝ Ազգային ժողովից և կառավարությունից պահանջելով բացառել դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը աբսուրդ է որակում նման դրույթի ընդունումը: «Դատական օրենսգրքի» նախագծի համաձայն, դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ: Տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:

«Եվրոպական ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, եթե լսի սրա մասին, ասելու է՝ ինչ եք անում: Եվրոպան կոնվենցիա է ընդունում փաստաբանների իրավունքների պաշտպանության համար, դուք հետընթաց եք գնում, փորձում եք ձեր փաստաբաններին տուգանել, որպեսզի իրենք կառավարելի լինեն», - հայտարարեց Հայրապետյանը:

Փաստաբան Գրիշա Բալասանյանն ասաց, որ իրենց անհանգստացնում է նաև այն, որ փորձ է արվում փաստաբանին դատական նիստերի դահլիճում դարձնել սիմվոլ և նրան թելադրել, թե ինչ պետք է անի․ - «Հաշվի չեն առնում բացարձակ ո՛չ դատարանները, ո՛չ դատախազությունը փաստաբանի կարծիքը, փաստաբանի հիմնավորումները․․․ պարզապես ցանկանում են, որ մենք ապահովենք ֆիզիկական ներկայություն և դրանով լեգիտիմացնենք իրենց ապօրինի դատական պրոցեսները: Մենք չենք ուզում նմանվել դատական համակարգին, որտեղ վերևներից են պատվեր իջեցնում, չենք ուզում դատախազական համակարգ, որտեղ ավելի շատ քաղաքականությունն է իշխում, քան իրավունքը»:

Փաստաբան Նինա Կարապետյանցն ասաց, որ իրենց փորձում են ահաբեկել Դատական օրենսգրքով․ - «Փորձեցին սանկցիաներով ահաբեկել, փորձեցին խուզարկումներով ահաբեկել, տարբեր տարատեսական գործողություններով փորձելու են ահաբեկել, բայց, ինչպես որ Գրիշա Բալասանյանն ասեց՝ չարաչար սխալվում են: Հանկարծ մտքներով չանցնի, որ փաստաբանությունը այն ոլորտն է, որտեղ որ մենք «կենդանի հանձնվելու են»: Այդ հույսը հանկարծ թող չունենան»:

Տիգրան Հայրապետյանը շեշտեց, որ այսօր ոչ թե փաստաբանները պաշտպանության կարիք ունեն, այլ՝ առաջին հերթին օրենքն ու արդարությունը․ - «Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններին դատարանները ձևականորեն ընդունում են որպես ամբաստանյալի պաշտպան այն պայմաններում, երբ որ ամբաստանյալը հրաժարվել է փաստաբանի իրավունքից, չի հանդիպել նրա հետ և ամբաստանյալը պատշպանի հետ չի քննարկել պաշտպանական ռազմավարությունը»:

Գործընկերների հայտարարությանը չմիացած Երվանդ Վարոսյանը, սակայն, փաստաբանների նախաձեռնությունը ժամանակավրեպ է համարում․ - «Ինչքան արտոնագրված փաստաբան կա, բոլորը դեմ են: Բայց կարելի էր ավելի լուրջ փաստաթուղթ գոնե կազմել՝ եթե հավաքվում էին [Փաստաբանների] պալատով այդ ամեն ինչը քննարկելու: Վճռական քայլերի մասին պիտի դրույթ լիներ․ հակառակ պարագայում ինչ է անելու փաստաբանությունը, եթե այնուամենայնիվ այդ նորմը ընդունվեց: Երկրորդը, ես կարծում եմ, որ ժողովներով չէ, որ պալատը պիտի զբաղվի, պալատը օրենքով ունի հստակ լիազորություններ: Նախագահը ընտվել է, վերցրել է իր վրա այդ պատասխանատվությունը՝ հանդես գալ փաստաբանների անունից, թող հանդես գա․․․ Անատամ, ոչինչ չասող և դեկլարատիվ բնույթի հայտարարություն է: Դրա համար էլ միանալու կարիք չկար»:

XS
SM
MD
LG