Մատչելիության հղումներ

«Ճըվճըվ Արոյի» որդու մասնակցությամբ խուլիգանության գործը դատարանում քննվում է արդեն 4 տարի


Երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով մեղադրվող «Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սարգիս Վարդանյանի կրտսեր եղբոր՝ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ խուլիգանության գործը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է արդեն 4 տարի:

Դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հերթական անգամ հետաձգեց նիստը՝ «հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը»:

Պարզվեց նաև, որ Սերժ Վարդանյանին բերման ենթարկելու որոշումը չի կատարվել: Գագիկ Պողոսյանն ասաց, թե մամուլից է տեղեկացել, որ Վարդանյանը մեկ այլ գործի շրջանակներում կալանավորված է ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում:

Դատավորը Վարդանյանի փաստաբանից փորձեց ճշտել, թե որ գործի մասին է խոսքը: Վերջինս ասաց, թե տեղյակ չէ: Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը դատավորին հորդորեց գրություն ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ գործ է և որ քննչական մարմնում է:

4 տարի առաջ Սերժ Վարդանյանին ու նրա ընկերոջը՝ Ռոբերտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ և կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրել:

Այս գործով ստորագրությամբ ազատ արձակված մեղադրյալ Ռոբերտ Հայրապետյանն այսօր հրաժարվեց դատարանում տեսախցիկի առջև խոսել: Չձայնագրվելու պայմանով, սակայն, ասաց՝ դեպքի օրն ավտոմեքենայում Սերժ Վարդանյանի հետ է եղել, բայց պնդեց, որ նա իր ընկերը չէ, պարզապես միասին են սովորել:

Մեղադրյալ Հայրապետյանը վստահ է, որ գործը դատարան չէր մտնի, եթե մյուս մեղադրյալը Սերժ Վարդանյանը չլիներ․ - «Այս գործը 4 տարի ձգձգվում է, որովհետև հետիս տղան վարկաբեկված անձ է»:

Հիշեցնենք, Սերժ Վարդանյանն այս պահին կալանավորված է այլ գործով՝ խուլիգանության և կողոպուտի դեպքերով:

Հետախուզման մեջ գտնվող 24-ամյա երիտասարդին ոստիկանները բերման ենթարկեցին միայն եղբոր՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքից հետո: Սերժ Վարդանյանի ավտոմեքենայում իրավապահները գազային ատրճանակ, իսկ բեռանխցիկում տարբեր երկրների համարանիշեր էին հայտնաբերել:

«Ճըվճըվ Արո» մականունով հայտնի, հանգուցյալ Վարդանյանի երկու որդիները բազմիցս հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Այս պահին կալանավորված է նաև հունվարի 8-ին ճանապարհային ոստիկանության երկու աշխատակցի կյանք խլած ավտովթարի դեպքով գլխավոր մեղադրյալ Սարգիս Վարդանյանը:

Վարդանյան եղբայրների մայրական պապը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանն է, ով, ի դեպ, 2012-ին թվականին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

XS
SM
MD
LG