Մատչելիության հղումներ

Մոսկվան ԱՄՆ-ին մեղադրում է բանկային գաղտնիք հրապարակելու մեջ, ամերիկյան կողմը ռուսների գործարքները «կասկածելի» է համարում


BuzzFeed կայքի պատկերանշանը
BuzzFeed կայքի պատկերանշանը

Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոք է հայտնել ամերիկացիներին՝ ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետների բանկային գործարքների մասին տեղեկությունները BuzzFeed կայքում հրապարակելու կապակցությամբ:

Մոսկվան պնդում է, որ այդ հրապարակումները խախտում են բանկային գործարքների գաղտնիությունը: Նման տեղեկություններ կարելի է ստանալ միայն պետական մարմինների հավանությամբ, հետևաբար, գործող կամ նախկին դիվանագետների անձնական բանկային գործունեությանը վերաբերող տվյալների հրապարակումը պաշտոնական Վաշինգտոնի նախաձեռնությունն է, և այն, ըստ ռուսական կողմի, կարելի է համարել ոտնձգություն դիվանագիտական անձեռնմխելիության նկատմամբ:

Խոսքն այն հրապարակման մասին է, ըստ որի, 2016-ի ընտրություններից 10-ն օր անց ԱՄՆ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակի բանկային հաշվեհամարին փոխանցվել է 120 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն 2017-ի հունվարին՝ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտի արարողությունից 5 օր անց, անհայտ մի անձ փորձել է դեսպանատան հաշվեհամարից հանել 150 հազար դոլար, սակայն բանկն այդ գործարքն արգելափակել է:

Դրանից զատ, ռուսաստանցի դիվանագետները Ղրիմի գրավմանը նախորդած «հանրաքվեի» օրերին 30 չեկերով տարբեր բանկերում կանխիկացրել են մոտ 370 հազար դոլար, իսկ դա արդեն բացառում է այդ գումարների հետագա շարժը պարզելու հնարավորությունը:

Բանկիրներն այդ գործարքները կասկածելի են գնահատել, քանի որ նախկինում տվյալ բանկային հաշվեհամարների սպասարկման ընթացքում նման փոխանցումներ պարզապես չեն գրանցել: Ըստ BuzzFeed-ի, զարմացած բանկիրներն իրենց մտահոգությունների մասին տեղեկացրել են պատկան ծառայություններին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ փորձելով պարզաբանումներ ստանալ դիվանագետներից՝ BuzzFeed-ի աշխատակիցները բանկային արձանագրությունների տվյալներն են ներկայացրել, ինչը «միանշանակ վկայում է» հենց բանկերից տեղեկություններ կորզելու մասին: «Այդ հրապարակումն իսկական հանցագործություն է, քանի որ խախտում է բանկային տեղեկությունների և անձնական տվյալների գաղտնիությունը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

ՌԴ արտաքին գերատեսչությունը պնդում է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան հաշվեհամարին գումարների փոխանցումը կամ հաշվեհամարից դրանց դուրս հանումը սովորական բանկային գործարքներ են, որոնք իրականացվել են աշխատավարձ ստանալու, գործուղումների ծախսերը փոխհատուցելու կամ վերանորոգման համար շինարարական ընկերություններին վճարելու նպատակով:

Մինչդեռ, ըստ ամերիկյան կողմի, դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվել են դեսպան Սերգեյ Կիսլյակին, ով ընտրություններից առաջ և հետո շփումներ է ունեցել Դոնալդ Թրամփի բարձրաստիճան օգնականների, այդ թվում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հետ: Վերջինս իր կարճատև պաշտոնավարումից հետո խոստովանէլ է, որ այդ շփումների մասին սուտ տեղեկություններ է հայտնել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային գործակալությանը:

Ըստ ամերիկյան մամուլի, նախագահի փեսա Ջարեդ Քուշները Թրամփի հաղթանակից մինչև երդմնակալությունն ընկած ժամանակահատվածում փորձել է կապ հաստատել Կիսլյակի հետ: BuzzFeed կայքը նշում է, որ ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով զբաղվող հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլերի թիմը հետաքննում է այդ բոլոր կասկածելի գործարքների հանգամանքները:

Ամերիկյան հետախուզական ծառայությունների համոզմամբ, Մոսկվան տարբեր միջոցներով, այդ թվում հաքերային հարձակումներով փորձել է միջամտել ընտրություններին և անբարենպաստ պայմաններ ստեղծել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի համար:

Ռուսներն այդ մեղադրանքը կտրականապես հերքում են, իսկ նախագահ Թրամփը պնդում է, որ ռուսական վարկածը շրջանառության մեջ է դրվել Քլինթոնի պարտությունն արդարացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG