Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջում է, որ Միացյալ Նահանգները դադարեցնի դիվանագիտական գաղտնի տեղեկությունների արտահոսքը, այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում այս շաբաթ հաղորդումներ եղան Ռուսաստանի դեսպանատան կողմից կատարված «կասկածելի» բանկային փոխանցումների վերաբերյալ:
Նախօրեին ամերիկյան Buzzfeed-ը հաղորդել էր, թե ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին ռուսների միջամտությունը քննող իրավապահները ուսումնասիրում են Ռուսաստանի դեսպանատան կողմից ստացված և փոխանցված գումարները: Ըստ այդ հրապարակումների՝ ամերիկյան բանկերն արձանագրել են մի շարք «կասկածելի թվացող փոխանցումներ» և այդ մասին տեղյակ պահել իշխանություններին, ինչպես օրենքն է պահանջում: Այդ փոխանցումներում ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված է Վաշինգտոնում Ռուսաստանի այժմ նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը: