Մատչելիության հղումներ

Կրակովում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները


18-ը հունվարի, 2018 թ․ Կրակով, լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի

Էդուարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպում են ունեցել Լեհաստանի Կրակով քաղաքում: Հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է։ Քննարկված հարցերի շրջանակը թերևս պարզ կդառնա ավելի ուշ, երբ կտարածվի մամուլի հաղորդագրություն։

Հայաստանի արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մոտ երեք ժամ առաջ թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Մինսկի խմբի համանախագահները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նալբանդյանի հետ նրանք հանդիպել են երեկ, իսկ Մամեդյարովի հետ, ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, այսօր։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, Մինսկի խմբի միջնորդների հետ հանդիպման ընթացքում Նալբանդյանը շեշտել է շփման գծում լարվածության թուլացմանը միտված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները: Իսկ անցած տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել էին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար:

Հայաստանի արտգործնախարարը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, համանախագահների հետ հանդիպմանը ներկայացրել է այն քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առաջ մղել խաղաղության գործընթացը: Եթե Բաքուն հետևի հրադադարը խստորեն հարգելու՝ համանախագահների կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ապա, ըստ հայկական կողմի, հնարավոր կլինի ճանապարհ հարթել խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

«Բաքուն հաճախ է խոսում, թե իբր շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի։ Ակնհայտ է, որ դրան հասնելու գործնական ճանապարհը հենց վերոհիշյալի իրականացումն է։ Համանախագահները տարիներ շարունակ հայտարարում են, որ իրենց կողմից փուլային իրականացմամբ փաթեթային հանգուցալուծման նպատակով առաջարկվող սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են հանդիսանում, և դրանցից մեկին նախապատվություն տալու փորձերն անհնար կդարձնեն կարգավորումը։ Որքան շուտ Բաքուն գիտակցի այս իրողությունը, այնքան շուտ հնարավոր կլինի գործնական հունի մեջ դնել կարգավորման գործընթացը»,- միջնորդների հետ հանդիպմանը շեշտել է նախարար Նալբանդյանը։

Մինչ Կրակովում Հայաստանի արտգործնախարարը բարձրացնում է հակամարտության գոտում լարվածության թուլացման հարցը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է սահմանին՝ Տավուշի մարզում հայկական զինուժի զինվորի վիրավորվելու մասին։ Այդ փաստով հարցուցվել է քրեական գործ։ Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից արձավկած կրակոցից վիրավորվել է զինծառայող Ադիբեկ Միկոյանը։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

«Եթե լարվածությունը պահպանվի, ղարաբաղյան բանակցություններում համաձայնության հասնելն անհնար կլինի»,- Ազատության հետ զրույցում կարծիք հայնեց ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը։ «Եթե լարվածությունը մնա, եթե անվստահություն լինի, եթե անընդհատ հայկական կողմը ճակատի այն կողմում տեսնի թշնամուն, որն անընդհատ մարդ է սպանում, տեռորի է ենաթարկում խաղաղ բնակչությանը, այս իրավիճակում ի՞նչ Մինսկի խումբ, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը»,- ասաց Իգիթյանը:

Շփման գծում անվտանգության խնդիրը, ըստ նրա, կարելի է լուծել․ դա տեխնիկապես դժվար չէ, եթե համանախագահող երկրները, մասնավորապես, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լուրջ ցանկություն ունենան։ «Տեսեք, թե ինչ է կատարվում, օրինակ, Սիրիայում, այլ տեղերում: Այնպիսի բաներ ենք տեսնում այնտեղ, դա և՛ Ռուսաստանը կարող է անել, և՛ ԱՄՆ-ն: Պարզ է, որ Ռուսաստանն այսօր պատրաստ չէ Ադրբեջանին դարձնել ոչ բարեկամ երկիր: Իսկ ԱՄՆ-ի հետ կապված՝ դա այլ հարց է, այստեղ արդեն ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների լրջության մասին պետք է խոսենք․ ինչու՞ ԱՄՆ-ն Հայաստանին չի համարում այն երկիրը, ում համար կարելի է օգտագործել ողջ տեխնիկական հնարավորությունները»,- շարունակեց Իգիթյանը:

Մամեդյարովն ու Նալբանդյանը վերջին անգամ հանդիպել են անցած տարվա դեկտեմբերի 6-ին՝ Վիեննայում: Այդ հանդիպման օրակարգում էին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների իրագործման հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG