Հռիփսիմե Ավագյանի երկու երեխաները հաճախում են երաժշտական դպրոց: Այսուհետ նրանցից մեկի ջութակի դասընթացների համար տարեկան վճարը կկազմի 80 հազար դրամ՝ նախկին 50 հազարի փոխարեն, իսկ մյուս երեխայի դաշնամուրի վճարը՝ 80 հազար` 70-ի փոխարեն:
«Նպատակադրված ազգը տանում են դեգրադացման: Չեմ ուզում էդպես մտածել, բայց արդյունքը դա է լինում: Մի բան կար, որ հասանելի էր քիչ թե շատ, դա արվեստի դպրոցներն էր, որ մատչելի էին համեմատաբար: Բայց էս որոշումով դա էլ է մեզ համար խնդիր: Ենթադրենք արվեստի դպրոցում, օրինակ, կերպարվեստը 4 հազար դրամ է, մասնավոր սեկտորում՝ 8, 10 հազար: Մարդիկ ընտրում են արվեստի դպրոցը նաև նրա համար, որովհետև ինքը մատչելի է»:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո այս տարվա հունվարից Երևանի արվեստի և երաժշտական դպրոցների կողմից մատուցած յուրաքանչյուր ծառայության դիմաց Երևանի հաշվառում ունեցող երեխաների համար վարձը կկազմի 8 հազար դրամ, Երևանի հաշվառում չունեցող երեխաների դեպքում՝ 8-17․5 հազար դրամ: Որոշումը, որ դեռևս տարեվերջին Երևանի ավագանին ընդունել էր ձայների 60 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ, այսօր արդեն մի խումբ ծնողների զայրութն է հարուցել:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր․ - «Մենք սրանով ուզում ենք այս դաշտում կանոնակարգել, հավասարություն մտցնել դաշտում, և երաժշտական բոլոր դպրոցները հավասար պայմաններում և հավասար խաղի կանոններով իրենց գործունեությունը շարունակեն»:
Արվեստի դպրոց հաճախող երկու երեխայի ծնողը հակադարձում է․ - «Ես հարց եմ տալիս՝ եթե ես, օրինակ, նկարչության համար վճարում էի չորս հազար դրամ, հիմա ստիպված պետք ա վճարեմ ութ հազար դրամ, դա իմ համար ի՞նչ ա, դա իմ համար թանկացում ա, ուրիշ ոչ մի ձև դա չի կարող մեկնաբանվել»:
Տարեսզբին արձանագրված մյուս թանկացումներին զուգահեռ արվեստի դպրոցների նկատմամբ նման մոտեցումը անընդունելի է համարում արվեստի դպրոց հաճախող մեկ այլ երեխայի ծնող Աննա Կոստանյանը․ - «Ծնողների կարծիքը հաշվի չի առնվել, ծնողներին պատշաճ կերպով չեն տեղեկացրել: Արել են այն, ինչ մտադրվել են: Տարին փոխվում է, պարզվում է, որ վարձավճարները թանկանում են»:
Ծնողներից Իննա Սահակյանը նույնպես շեշտում է, որ իրենց չեն տեղեկացրել․ - «Դեկտեմբերին մեզ իսկապես ոչ մեկ չի տեղեկացրել էդ փոփոխությունների մասին, և հունվարին ուսուցիչներն են ասել և երեխայի հետ ծանուցագիր ուղարկել երկու առանձին թանկացումների մասին: Մեր հետ նախօրոք ոչ մեկ չի քննարկել, ժողով չի կազմակակերպել»:
Մինչդեռ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը դեկտեմբերի 26-ի ավագանու նիստին պնդել էր, թե ամեն ինչ արվել է թափանցիկ, որպեսզի 9 հազար երեխայի ծնող տեղյակ լինի փոփոխություններից:
Իննա Սահակյանի ութամյա դուստրը վոկալի դասընթացների է հաճախում, վճարում էին 7 հազար դրամ, իսկ այժմ՝ 8 հազար: Սրանից զատ, մեկ այլ ծանուցագրի միջոցով ծնողին տեղեկացրել են, որ ևս 6 հազար դրամ պետք է վճարել դաշնամուրի դասընթացի համար, որը նախկինում պարտադիր առարկաների թվում էր:
«Երբ հարցրինք՝ իսկ եթե չենք ուզում վճարել, ասացին՝ եթե չես ուզում, հրաժարվիր դաշնամուրից: Այսինքն ստացվում է, որ ծնողներին պարտադրում է թերի երաժշտական կրթություն: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի երեխա կարող է նորմալ սովորել երաժշտական դպրոցում, եթե ինքը չի անցնում դաշնամուր: էս պահին ես պատրաստվում եմ հրաժարվել, եթե ոչինչ չփոխվի», - ասաց Սահակյանը:
Ծնողներին զայրացրել է նաև այն, որ այսուհետ վճարումը պետք է կատարվի նախորդ ամսվա ֆիքսված օրից ոչ ուշ: Ծանուցագրում նշված է, որ ուշացման դեպքում աշակերտը հեռացվում է դպրոցից:
Արվեստի դպրոց հաճախող հազարավոր երեխաներից ընդամենը ինը հարյուրը կստանան արտոնություններ՝ սոցիապես անապահով լինելու հիմքով: