Մատչելիության հղումներ

«Թրամփը խախտել է ռասիզմի, կնատյացության և այլատյացության արգելքները»․ HRW տնօրեն


Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը կազմակերպության Փարիզի գրասենյակում, 17-ը հունվարի, 2018թ.

ԱՄՆ-ում տեղակայված Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2018-ի տարեկան զեկույում ասվում է, որ ազդեցիկ երկրներում, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում աճող անհանդուրժողականությունը խրախուսող գործոն է դառնում աշխարհում բռնատիրական ռեժիմների համար:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ներգաղթյալներին հալածելու և ամբոխավարական այլ քայլեր ձեռնարկելու քաղաքականությունը մեծ սպառնալիք է դեմոկրատական երկրներում գտնվող փոքրամասնությունների իրավունքների համար:

Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը հատուկ մատնանշել է ԱՄՆ նախագահին, ասելով, թե «Դոնալդ Թրամփն իր հռետորաբանությամբ և քաղաքականությամբ խախտել է ռասիզմի, կնատյացության և այլատյացության բոլոր արգելքները, ինչը ծանր հետևանքներ է առաջացրել ամբողջ աշխարհում»:

Ռոթի փոխանցմամբ, Թրամփն անհագ հիացմունք է տածում «պինդ ղեկավարի» համբավ ունեցող Ռուսաստանի, Եգիպտոսի և Ֆիլիպինների նախագահներ Վլադիմիր Պուտինի, Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի և Ռոդրիգո Դուտերտեի նկատմամբ:

«Դա շատ ավելի դժվար է դարձնում նշված մարդկանց քննադատելը, քանի որ հենց Թրամփն է ակնածանքով խոսում նրանց մասին», - ասել է Ռոթը:

Զեկույցը դեմոկրատական երկրներին կոչ է անում կենտրոնանալ այն հանգամանքների վրա, որոնք խթանում են այլատյացությունը, մահմեդականների հանդեպ թշնամանքը և ամբոխավարության զարգացման պարարտ հող ստեղծում: Այդ հանգամաքներն են, ըստ զեկույցի, եկամուտների անհավասարությունը, աճող միգրացիան և ահաբեկչության վախը:

«Ի՞նչ են անում ավտորիտար ամբոխավար ղեկավարները: Նրանք շահարկում են այդ միանգամայն օրինական մտավախություններն ու քավության նոխազ են դարձնում փոքրամասնություններին, ասելով, որ այդ ամենը ներգաղթյալների մեղքով է», - հայտարարել է Քենեթ Ռոթը:

Նա ասել է, որ 2017 թվականի ընթացքում այդ ամբոխավարներին դիմադրություն ցույց տված քաղաքական առաջնորդները և շարքային մարդիկ ապացուցել են, որ հնարավոր է պայքարել ամբոխավարական օրակարգի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG