Մատչելիության հղումներ

«Արսենալ»-ի մարզիչը հաստատում է՝ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լոնդոն


Լոնդոնի «Արսենալ» գլխավոր մարզիչ Արսեն Վենգեր, արխիվ
Լոնդոնի «Արսենալ» գլխավոր մարզիչ Արսեն Վենգեր, արխիվ

Շաբաթներ շարունակված կուլիսային բանակցություններից ու հակասական տեղեկություններից հետո՝ այսօր, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատեց՝ Հենրիխ Մխիթարյանը առաջիկայում կարող է Լոնդոն տեղափոխվել, «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսն էլ՝ Մանչեսթր:

«Չի բացառվում, որ տեղափոխությունը կարող է կայանալ առաջիկա 24 ժամվա ընթացքում», - հայտարարեց լոնդոնյան ակումբի երկարամյա մարզիչը ժամեր առաջ տեղի ունեցած ասուլիսում:

«Այդ պատմության մասին մամուլում շատ է գրվել, այնպես որ, ես եղածին ավելացնելու շատ բան չունեմ: Ես աշխատել եմ տրանսֆերների շուկայում շուրջ 30 տարի և կարող եմ ասել, որ տեղափոխությունն ամենայն հավանականությամբ կկայանա: Սակայն, գիտեք՝ քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, գործարքը ցանկացած պահի կարող է ձախողվել, այս կարգի հարցերում երբեք չես կարող երաշխավորված լինել», - ասաց Վենգերը:

Ավելին վաղ բրիտանական մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե 28-ամյա Մխիթարյանը պահանջում է բարձրացնել աշխատավարձը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Արսենալ» տեղափոխվելու համար: Ըստ այդ հաղորդումների, հայաստանցի կիսապաշտպանը, ով «Յունայթեդ»-ում այժմ ստանում է շաբաթական մոտ 150 հազար ֆունտ, պահանջել է, որ իրեն վճարեն դրա կրկնապատիկը՝ ճիշտ այնքան, որքան «Արսենալ»-ն առաջարկել էր չիլիացի Ալեքսիս Սանչեսին: Այսօր անդրադառնալով այս հարցին, «Արսենալ»-ի մարզիչն ասաց՝ խնդիր չկա:

«Ոչ, աշխատավարձի հարցը չի կարող խոչընդոտ դառնալ, և այս գործարքը հավանական է, քանի որ ինձ դուր է գալիս այդ ֆուտբոլիստը», - հայտարարեց Վենգերը:

Ասուլիսին ներկա լրագրողները հիշեցրել են՝ շուրջ տասը տարի առաջ Մխիթարյանն ինքն էլ գովեստով էր խոսել «Արսենալ»-ի մասին և անգամ խոստովանել, որ երազում է երբևէ անգլիական այդ ակումբում հայտնվել: «Զարմանալի չէ», - այսօր արձագանքել է «Արսենալ»-ի մարզիչը, փաստելով՝ Մխիթարյանը մի քանի հանդիպում է անցկացրել «Արսենալ»-ի դեմ, երբ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում: «Նա, անշուշտ, գնահատել է մեր ակումբի խաղաոճն ու հենց այդ պատճառով էլ սիրում է «Արսենալ»-ը», - ասել է ակումբի գլխավոր մարզիչը:

Մարզական մեկնաբաններից շատերն են պնդում՝ այս տեղափոխությունը կարող է նոր դռներ բացել Մխիթարյանի համար, ով «Յունայթեդ»-ում բացառիկ մեկնարկից հետո վերջին ամիսներին դուրս էր մնացել լավագույնների ցանկից:

«Կարծում եմ՝ սա ֆանտաստիկ կարող է լինել նրա համար», - պնդել է անգլիական ֆուտբոլի երբեմնի աստղերից մեկը՝ Ֆիլ Նևիլը BBC-ի եթերում: - «Եթե «Արսենալ»-ը պայմանագիր կնքի Մխիթարյանի ու Օբամեյանգի հետ, այդ ակումբը կդառնա շատ ավելի լավը, քանի որ կունենա երկու լավ խաղացող: Մխիթարյանը Մանչեսթրում իր լավագույն մարզավիճակում չէր, այս խաղաշրջանին նա երբեմն-երբեմն փայլեց, սակայն չեմ կարծում, որ նա լինի Ժոզեի [«Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի] նախընտրած 11-ի ցանկում: Ես նրա մեծ երկրպագուներից եմ և կարծում եմ, որ նա պետք է գնա մի ակումբ, ուր նրան թույլ կտրվի բացվել: Եվ գուցե «Արսենալ»-ն է հենց այդ ակումբը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG