Այսօր Բելգրադում տեղի կունենա Կոսովոյում սպանված սերբ քաղաքական գործիչ, Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերի երկրամասի առաջնորդ Օլիվեր Իվանովիչի հուղարկավորությունը:
Սպանվածի եղբայրը՝ Միրոսլավ Իվանովիչն ասել է, որ ընտանիքն ընդունել է Օլիվեր Իվանովիչին Բելգրադում Սերբիայի պատվավոր քաղաքացիների պանթեոնում հողին հանձնելու Սերբիայի ղեկավարության առաջարկը:
Միրոսլավ Իվանովիչը նաև հայտնել է, որ ընտանիքը որոշել է Կոսովոյում գտնվող Միտրովիցա սերբական քաղաքից տեղափոխվել Բելգրադ:
Միտրովիցայում երեկ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ սպանված քաղաքական գործչին հրաժեշտ տալու համար: Օլիվեր Իվանովիչին անհայտ ահաբեկիչները հունվարի 16-ին են սպանել:
Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են ծրագրել և իրականացրել հարձակումը: Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայի պնդմամբ, սպանությունը կատարել են դրսի ուժերը:
Սպանության հետևանքով իրավիճակը տարածաշրջանում սրվել է: Բրյուսելում ընդհատվել են Եվրամիության միջնորդությամբ կազմակերպված Կոսովոյի և Սերբիայի պատվիրակների բանակցությունները:
Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան 110 երկիր, սակայն Սերբիան այդ ցանկում չկա: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ շաբաթավերջին կմեկնի Կոսովո, որտեղ առկա է տեղացի սերբերի և կոսովարների բախումների վտանգ: