Մատչելիության հղումներ

Վրաստանի բնակչության մեծ մասը շարունակում է աջակցել եվրատլանտյան կառույցներին ինտեգրմանը․ հարցում


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը շարունակում է միանշանակ աջակցություն հայտնել երկրի կառավարության` եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականությանը: Դա են վկայում ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի` NDI-ի պատվերով անցկացված վերջին հարցման արդյունքները: NDI-ի ներկայացուցիչները հետազոտության արդյունքները ներկայացրեցին հունվարի 16-ին Թբիլիսիում:

2017-ի դեկտեմբերին անցկացված սոցիոլոգիական այս հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիների 72 տոկոսը աջակցում է երկրի իշխանությունների կողմից հնչեցվող այն հայտարարություններին, որոնց համաձայն՝ Թբիլիսիի արտաքին քաղաքական գլխավոր նպատակներից մեկը Եվրամիությանն անդամակցելն է: Վրացիների 64 տոկոսն էլ կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկարներին: Ուշագրավ է, սակայն, որ Վրաստանի բնակչության ավելի քան մեկ քառորդը, ավելի հստակ՝ 29 տոկոսը, դեմ չէր լինի, եթե երկիրը տրամագծորեն հակառակ ինտեգրացիոն ուղի ընտրեր` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը:

Եվրասիական միությանը Վրաստանի անդամակցության կողմնակիցների թիվն ամենազգալին է գյուղական բնակավայրերում` 31 տոկոս, և հատկապես ազգային փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակության շրջաններում` Ջավախքում և Քվեմո Քարթլիում: «Փոքրամասնությունների շրջանում Եվրասիական միությանն անդամակցության կողմնակիցների թիվը հասնում է 56 տոկոսի», - նկատում են հետազոտության հեղինակները:

Համեմատության համար՝ Թբիլիսիի բնակիչների շրջանում Եվրասիական միության հանդեպ դրական վերաբերմունք ունեցող հարցվածների թիվը չի գերազանցում 20 տոկոսը:

NDI-ի մասնագետները նաև փորձել են պարզել, թե առավելապես արևմտամետ հայացքներ դավանող վրացական հանրության ներկայացուցիչները որ երկրի ռազմական հզորությունն են ավելի բարձր գնահատում` Ռուսաստանի՞նը, թե՞ Միացյալ Նահանգներինը: Ստացված արդյունքները բավական անսպասելի են: ՆԱՏՕ-ին անդամակցել ձգտող Վրաստանի բնակիչների մեծամասնությունը համոզված է, որ Ռուսաստանի զինված ուժերը ավելի լուրջ ուժ են իրենցից ներկայացնում, քան ամերիկյան բանակը: Ռուսաստանի ռազմական կարողություններն ավելի բարձր է գնահատում Վրաստանի բնակիչների 41 տոկոսը` ամերիկացիներին նախապատվություն տվող 36 տոկոսի համեմատ: Ուշագրավ է, որ այս հարցում ևս ազգային փոքրամասնությունները ավելի ռուսամետ դիրքորոշում ունեն: Հարցված հայերի և ադրբեջանցիների 55 տոկոսը համոզված է, որ Ռուսաստանի ռազմական կարողություններն անհամեմատ ավելի հզոր են, քան Միացյալ Նահանգներինը: «Ամերիկյան զինուժի անվերապահ գերակայությանը հավատացողները մեծամասնություն են կազմում միայն Թբիլիսիում», - նշում են NDI-ի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG