Ադրբեջանի արտգործնախարարը Ֆրանսիայում քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը՝ վերստին պնդելով՝ «Հայկական զինուժը պետք է դուրս բերվի օկուպացված տարածքներից»: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
Արտգործնախարար Մամեդյարովը Ֆրանսիայում է երկօրյա աշխատանքային այցով, որի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի իշխանության ներկայացուցիչների՝ այդ թվում ֆրանսիացի պաշտոնակից Ժան Իվ Լե Դրիանի հետ:
«Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը իր պաշտոնակցին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացքի մասին և նշել, որ հակամարտության կարգավորման շրջանակներում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, հայկական զինուժը պետք է դուրս բերվի ադրբեջանական օկուպացված տարածքներից», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում: Աղբյուրի համաձայն՝ Մամեդյարովը հայկական կողմին կրկին մեղադրել է՝ «օկուպացված տարածքներում» սիրիահայեր տեղակայելու, «ադրբեջանական մշակութային արժեքներ ոչնչացնելու» մեջ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Մամեդյարովը լե Դրիանի հետ զրույցում նաև շեշտել է՝ ներկայիս ստատուս քվոն անկայուն է և անընդունելի: Ադրբեջանցի արտգործնախարարը Ֆրանսիացի պաշտոնակցին նաև հավաստիացրել է, թե Բաքուն «առարկայական, ինտենսիվ և արդյունավետ բանակցությունների կողմնակից է՝ Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման նպատակով» և Մինսկի խմբի միջնորդների հետ կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ»:
Ադրբեջանի արտգործնախարարը փարիզյան իր այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև վերջերս «տոլման» և «քամանչա» Ադրբեջանի նյութական ժառանգություն ճանաչած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության հետ:
Օդրի Ազուլեի հետ զրույցում Մամեդյարովը կառույցին հրավիրել է՝ «միանալ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում մշակութային հուշարձանների մոնիթորինգի գործընթացին»:
Պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը կտրականապես հերքում են ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մասին Ալիևի վարչակազմի մեղադրանքները, ավելին՝ Ադրբեջանի իշխանություններին են մեղադրում նախկինում հայերով բնակեցված Նախիջևանի Ջուղայի հինավուրց գերեզմանը ոչնչացնելու մեջ:
Ադրբեջանի արտգործնախարարի Ֆրանսիա կատարած այցի առիթն Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակն է։ 1992 թվականին Ֆրանսիայի դեսպանը դարձավ երկրորդը՝ Թուրքիայի դեսպանից հետո, ով իր պաշտոնական գործունեությունը սկսեց Ադրբեջանում։
Փարիզից Մամեդյարովը կմեկնի Լեհաստան: Կրակովում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ, վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Հիշեցնենք՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները փորձում են թափ հաղորդել բանակցային գործընթացին: Անցած ամռանը Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային նոր փուլ սկսեցին, որին հաջորդեց հոկտեմբերին Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը նախկին պայմանավորվածություններին՝ վստահության ամրապնդման և բովանդակային բանակցությունների շուրջ: