Մատչելիության հղումներ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը «հասել է հիմնական նպատակներին»


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» 2013 թվականի մրցանակը շնորհում է «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյին, Երևան, 15-ը նոյեմբերի, 2013թ․
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» 2013 թվականի մրցանակը շնորհում է «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյին, Երևան, 15-ը նոյեմբերի, 2013թ․

Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն, մեծացնելու ուղղությամբ ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու խնդիր կա, որի նպատակով այժմ աշխատանքներ են իրականացվում: Այդ մասին նշվել է այսօր «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:

Սարգսյանը անցած ութ տարիներին իրականացված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահի հրամանագրով հիմնված մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, ապա հետաքրքրվել է, թե որքանով է մրցանակը ծառայել նպատակին, արդյոք մրցանակաբաշխությունն ավելի հանրայնացնելու խնդիր կա, ինչ են մտածում կազմակերպիչները ապագայում մրցանակն ավելի արդյունավետ և օգտակար դարձնելու, երկրի ճանաչելիությունը նաև այդ միջոցով բարձրացնելու, ՏՏ ոլորտի նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում հետաքրքրությունը շարունակաբար մեծացնելու և տնտեսության շարժիչ ուժերից մեկը համարվող՝ գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ավելի մեծ տեմպ հաղորդելու ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հասել են մրցանակաբաշխության հիմքում դրված հիմնական նպատակներին. անցած ութ տարիներին Հայաստան են այցելել ՏՏ ոլորտի զարգացման գործում աշխարհում բացառիկ ներդրում ունեցած և մեծ հեղինակություն վայելող ութ մրցանակակիրներ, որոնց հանդիպումները ոլորտի մասնագետների և երիտասարդների հետ մեծ ոգևորություն են առաջացրել:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն արձանագրել են, որ Հայաստան այցելած մրցանակակիրները երկրից հեռացել են մեծ տպավորություններով, նրանցից ոմանք՝ կրկին վերադառնալու ցանկությամբ, իսկ երեքը շարունակել են համագործակցությունը և գործնական քայլերով ամրապնդել Հայաստանի հետ կապը: Մասնավորապես, «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան մեծ գումար է նվիրաբերել Հայաստանի ամերիկյան համալսարանին, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին համագործակցության հուշագիր է ստորագրել Հայ-ռուսական համալսարանի հետ՝ մագիստրատուրայի նոր ծրագիր բացելու և լաբորատորիայի հետ համալսարանի համագործակցությունը զարգացնելու նպատակով, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցի տպավորությունների ներքո գիրք է հրատարակել՝ «Հայաստանը՝ որպես նորարարական երկիր» վերնագրով:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները խոսել են նաև ՏՏ ոլորտի զարգացման վերջին տարիների հիմնական միտումների, մարտահրավերների և ոլորտի ներուժի մասին, առաջարկություններ ներկայացրել հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG