Մատչելիության հղումներ

Հիվանդ գյումրեցուն «չհիմնավորված կերպով» զրկել են հաշմանդամության կարգից  


Գյումրեցի Վիկտոր Մանուկյանին զրկել են հաշմանդամության երրորդ կարգից
Գյումրեցի Վիկտոր Մանուկյանին զրկել են հաշմանդամության երրորդ կարգից

Գյումրիի 62-ամյա բնակիչ Վիկտոր Մանուկյանը տարակուսած է՝ թեև սրտի հետ կապված խնդիրները չեն անցել, սակայն Բժշկասոցիալական մարզային հանձնաժողովն օրերս նրան զրկել է հաշմանդամության երրորդ կարգից: Մանուկյանին տրված տեղեկանքում կարգից զրկելու որոշումը հանձնաժողովում պատճառաբանել են «խստացումներով»: «Հանձնաժողովում Ասատրյան Սվետան և երկու ասիստենտ բժիշկ նստած․․․ ճնշում չափեցին, չգիտեմ ինչ արեցին, ասեցին՝ վերևում խստացրել են, դուք էլ հաշմանդամ չեք: Ո՞նց են մտածել, ի՞նչ հաշվարկ են արել, ուղեղումս չի տեղավորվում»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Վիկտոր Մանուկյանը:

Բժշկասոցիալական հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել են: Երեք տարի հաշմանդամության կարգ ունեցած Մանուկյանն ասում է՝ երեկ մի կերպ հասել է Երևան, հույս ունենալով, որ կրկնական ստուգումից հետո Գյումրիում կայացրած որոշումը կչեղարկվի: «Ես էն հույսով գնացի Երևան, որ կտեսնեն, կհամոզվեն, որ առնվազն երկու ստենդի կարիք ունեմ: Իսկ Երևանում մենակ թղթերը թերթեցին, ասեցին՝ դու կարգային հիվանդ չես»,- շարունակում է Բաբայանը:

Երևան կնոջ՝ Լենա Մանուկյանի հետ է գնացել: Տիկին Լենան բուժաշխատող է, ասում է՝ պարզապես ապշած է, թե ինչպես են գրչի մի հարվածով, առանց բուժզննության, մարդկանց զրկում հաշմանդամության կարգից: Մանուկյանին հաշմանդամության 16 հազար դրամ կազմող թոշակի կորստից ավելի շատ մտահոգում է այն, որ այլևս չի կարողանա անվճար բուժում ստանալ, ինչի անհրաժեշտությունը 62-ամյա տղամարդը հաճախ է ունենում․ «Ինձ պետք էր, որ վատացած վախտս ես գնայի հիվանդանոց, բժիշկների հսկողության տակ կաթիլային ընդունեի, դուրս գայի»:

Իրենց հետ տեղի ունեցածից ամուսինները մի եզրահանգման են եկել․ «Արդեն մնացել են թոշակառուների թոշակի [հույսին]»: Բժշկասոցիալական հանձնաժողովի որոշումն այժմ նրանք կարող են վիճարկել դատարանում․ այդպիսի խորհուրդ են տվել: Սակայն Մանուկյանները չեն պատրաստվում դիմել դատարան, քանի որ «արդարադատության հույս չունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG