Անվանի ճարտարապետներ Գևորգ Գևորգյանի, Կարո Հալաբյանի և Միքայել Մազմանյանի նախագծով անցյալ դարի երեսնական թվականների սկզբին մայրաքաղաքի կենտրոնում կառուցվեց ռուսական դրամատիկական թատրոնի շենքը:
Նախկինում նույն վայրում կանգնած էր ռուսական եկեղեցին: 1938 թվականից Հայաստանում գործող միակ ռուսական դրամատիկական թատրոնը կրում է Ստանիսլավսկու անունը:
Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել հանրահայտ ռեժիսոր Լևոն Քալանթարը: Իսկ 1965 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում երիտասարդ ռեժիսոր, 26-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը: Նա ղեկավարեց թատրոնը մինչև 2017 թվականը՝ մինչև կյանքի վերջը:
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջից թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի․ այն ղեկավարում է թատրոնի երկարամյա տնօրեն Ֆրեդ Դավթյանը, և արդեն տևական ժամանակ շատերին է հետաքրքրում, թե ով ի վերջո կփոխարինի Ալեքսանր Գրիգորյանին, որը շատ մեծ հեղինակություն էր վայելում թատրոնում:
Թատրոնը հավանաբար դեռ երկար ժամանակ գեղարվեստական ղեկավար չի ունենա: Թատրոնի ղեկավարությունը կիրականացնի տնօրենը՝ Ֆրեդ Դավթյանը: Նա մոտ երկու տասնամյակ աշխատել է Ալեքսանդր Գրիգորյանի հետ և կշարունակի նրա գործը:
«Թատրոնն ունի իր տնօրենը, հրաշալի տնօրեն է Ֆրեդ Դավթյանը, մեր լավագույն տնօրեններից: Թատրոնն ունի իր խաղացանկը: Հրաշալի խաղացանկ է, լավ ներկայացումներ: Եվ Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությունները դեռ շատ երկար ժամանակ կարող են հետաքրքիր և գրավիչ մնալ մեր հանդիսատեսի համար: Մենք որևէ խնդիր այդտեղ չունենք: Միայն այս վերջին շրջանում արդեն երկու պրեմիերա է պատրաստվել թատրոնում: Մենք ունենք հրաշալի տնօրեն, ունենք հրաշալի խաղացանկ, ունենք շատ լավ ներկայացումներ, որը փոխելու այս պահին կարիք չկա: Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրությունները արդեն ամբողջությամբ ձևավորել են այն գեղարվեստական արժեքը, որ ներկայացնում է թատրոնը», - այսօր ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը առաջնամասը այժմ վերանորոգվում է, և ուշագրավ է, որ վերանորոգումից հետո թատրոն կայցելեն ոչ միայն թատերասերները, այլև գրասերները, որովհետև այնտեղ մեծ գրախանութ է տեղակայվելու:
«Գարնանը մենք կհանձնենք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջնամասում կառուցվող գրախանութը, իր տեսակի, ձևի մեջ առաջին գրախանութը, որն ունենալու է նաև ժամանցային էլեմենտներ, երեխաների հանգիստը, ժամանցը կազմակերպելու հնարավորություններ, սրճարանային հատված», - փոխանցեց նախարարը:
2018-ին մեր մայրաքաղաքում և մայրաքաղաքից դուրս կբացվեն նաև այլ ուշագրավ մշակութային օջախներ․ խոսքն այս անգամ թանգարանների մասին է․ - «Նոր թանգարանների մասին մենք հայտարարելու ենք 2018 թվականին: Խոսքը վերաբերում է Լուսանկարչության թանգարանին, որի հետ կապված ևս մասնավոր ներդրողի հետ ունենք պայմանավորվածություն: Խոսքը վերաբերում է Արա Գյուլերի անհատական ցուցադրության կազմակերպմանը և լուսանկարչական թանգարանին: Հավանաբար կկոչվի Արա Գյուլերի անվան լուսանկարչական թանգարան: Եկող տարի կազդադարենք նաև գորգի թանգարանի ստեղծման մասին: Արդեն հայտնի է ներդրողը, արդեն հայտնի է վայրը, և մենք ունենք հստակ պայմանավորվածություն, թե ինչպես է լինելու ցուցադրանքը: Սայաթ-Նովայի թանգարանը Հաղպատում, որի մասին ևս ունենք պայմանավորվածություն մասնավոր ներդրողի հետ»:
Ուշագրավ է, որ այս տարի մշակույթի ոլորտը պետբյուջեից անցյալ տարվանից պակաս է ֆինանսավորվելու:
Արմեն Ամիրյանն ասաց․ - «Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ընդհանուր մշակույթի ոլորտից մենք ունենք մոտ 7 տոկոսի կրճատում: Դա վերաբերում է բոլորին: Եվ մեր արձանագրած ֆինանսական հաջողությունները գալիս են ենթադրելու, որ լավ աշխատանքի դեպքում մենք այդ 7 տոկոսը կարող ենք վերացնել մեր իսկ աշխատած գումարներով: Այսինքն լավ աշխատանքի դեպքում այս 7 տոկոսը տեսանելի չէ, մտավախությունները տեղին չեն: Ընդամենը պետք է աշխատել»: