Մատչելիության հղումներ

Հանկարծամահ է եղել ռոք երգչուհի Դոլորես Օ՝Ռիորդանը


Դոլորես Օ՝Ռիորդան, արխիվ

Մոտ մեկ ամիս առաջ Դոլորես Օ՝Ռիորդանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Ողջույն բոլորին: Նյու Յորքում «Բիլբրդ» հանդեսի տարեկան տոնահանդեսին մի քանի երգ եմ կատարել մի տեղական խմբի հետ, շատ լավ էր: Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին՝ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, համբուրում եմ»:

Եվ ահա երեկ երեկոյան ողբերգական լուրը շանթահարեց ռոք աշխարհի նվիրյալներին՝ The Cranberries խմբի երգչուհի և երգահան Դոլորես Օ՝Ռիորդանը Լոնդոնում հանկարծամահ է եղել: Իռլանդուհին ընդամենը 46 տարեկան էր:

2017-ին The Cranberries-ն ընդհատել էր համերգները, իր ֆաներին տեղեկացնելով, որ պատճառը երգչուհու մեջքի շրջանում սուր ցավն է, սակայն որևէ մտահոգիչ տեղեկություն ինչ-որ լուրջ հիվանդության մասին չէր հայտնել: Դոլորեսի անունը երբեք չեն կապել ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործման հետ՝ պատուհաս, ինչին զոհ են գնացել տասնյակ հրաշք-կատարողներ:

«Այս պահին վաղ է որևէ հստակ բան ասել, մենք տեղի ունեցածն առայժմ համարում ենք անսպասելի մահ, հետաքննությունը ցույց կտա, թե ինչ է պատահել»,- Դոլորեսի մահվան կապակցությամբ՝ ասել է Լոնդոնի ոստիկանության խոսնակը: Սակայն հայտնի է, որ երգչուհին ունեցել է հոգեկան խնդիրներ: 2015-ին նա խոստովանել է, որ ունի, այսպես կոչված, բիպոլյար (երկբևեռ) աֆեկտիվ խանգարում, հավելելով, թե մանուկ հասակում ենթարկվել է սեռական ոտնձգության, ինչի հետևանքով նյարդային ճգնաժամ է ապրել: «Իմ փրկությունն իմ ընտանիքն է»,- հաճախ ասել է երգչուհին: Նա ամուսնացել է Duran Duran խմբի մենեջեր Դոն Բարթոնի հետ: Երեք երեխաների ծնողները 2014-ին ամուսնալուծվել են:

Մենեջեր Լինդսի Հոլմսն ընտանիքի անունից հայտարարել է, որ Դոլորեսի հարազատներին անասելի ցավ է պատճառել վերջինիս մահվան լուրը: Ընտանիքը հանրությունից և երկրպագուներից ակնկալում է ըմբռնում և այս ողբերգական ժամին չի ցանկանում քննարկել տեղի ունեցածը, ասել է մենեջերը:

Դոլորես Օ՝Ռիորդանը Լոնդոնում պետք է մի շարք երգեր, այդ թվում՝ խմբի հայտնի հիթերից մի քանիսը ձայնագրեր: The Cranberries-ը մեծ ճանաչում էստացել 1990-ականներին: Խմբի հիթերից են «Linger»-ը և «Zombie»-ն: Խումբն ավելի քան 40 միլիոն սկավառակ է վաճառել:

The Cranberries-ի երգերին բնորոշ են իռլանդական երաժշտության նրբերանգներն ու ելևէջները, որոնք, կարելի է ասել՝ Դոլորեսի այցեքարտն էին: Իռլանդիայի վարչապետ Լեո Վարաքդկարն այսօր ասել է, որ Դոլորեսը մի ամբողջ սերնդի ձայնն էր: Աշխարհի հայտնի աստղերն այսօր ցավակցում են Դոլորես Օ՝Ռիորդանի մտերիմներին և բարեկամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG