Հունվարի 16-ի դրությամբ հանրապետության բոլոր հիվանդանոցներում հոսպիտալացված են գրեթե 700 սուր շնչառական վարակներով հիվանդներ, որից 96 տոկոսը կազմում են 0-ից 4 տարեկան երեխաներ։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիաննա Թորոսյանը՝ նշելով, որ 700 հոսպիտալացվածների 21 տոկոսը թոքաբորբով հիվանդներն են։
Թորոսյանի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թվերը փոքր-ինչ բարձր են։
«Նախորդ տարի մենք պիկն արձանագրեցինք նոյեմբեր ամսին՝ ի հաշիվ դպրոցահասակ երեխաների, իսկ եթե հիշենք 2015-2016 թվականները, ապա մեկուկես անգամ ցածր հիվանդացություն է արձանագրվում, քան որ արձանագրվեց 2015-2016 թվականներին», - նշեց նա:
Հայաստանում շրջանառվում է գրիպի B տեսակը, ասաց Թորոսյանն՝ ընդգծելով՝ դա H1N1-ը չէ։ «Այս հարուցիչները մշտապես շրջանառվում են բնության մեջ և ակտիվանում են՝ ելնելով եղանակային պայմաններից, եթե եղանակը ցրտում է, նրանք սկսում են առավել ակտիվանալ և սկսում են շրջանառվել բնության մեջ, ինչին խոցելի են դառնում տարբեր տարիքային խմբի և սեռի ներկայացուցիչները, մասնավորապես՝ երեխաները, իսկ այս համատեքստում՝ 0-ից 4, 0-ից 2 տարեկան երեխաները, ինչո՞ւ՝ որովհետև նրանք դեռևս ունեն իմուն համակարգի ձևավորման խնդիր, ունեն դիմադրողականության խնդիր և առավել խոցելի են դառնում ցանկացած ազդակի նկատմամբ»։