«Թուրքիան բնում կխեղդի իր սահմանների երկայնքով քրդական զինված ուժերի ստեղծման ցանկացած փորձ»․ երկուշաբթի օրը Անկարայում նոր էլեկտարակայանի բացման արարողության ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով երկու օր առաջ հայտնված տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները պատրաստվում են Սիրիայի հյուսիսում 30 հազարանոց սահմանապահ ուժեր ստեղծել: Դրանց կորիզը, ըստ ամերիկացիների կողմից Սիրիայում և Իրաքում իրականացվող Inherent Resolve գործողության հրամանատարներից գնդապետ Թոմաս Վիլի, սիրիացի քրդերից կազմված ջոկատներն են լինելու:
Թուրքիայի ղեկավարի համոզմամբ, սակայն, ամերիկացիները սահմանապահ ուժերի ստեղծման ընթացքում պատրաստվում են համագործակցել քրդական այն կառույցների հետ, որոնց Անկարայում ահաբեկիչ են համարում:
«Ահաբեկիչներին տրամադրվելիք այդ համազգեստների վրայից հանեք Միացյալ Նահանգների տարբերանշանները, որպեսզի մենք հետագայում դրանք ստիպված չլինենք թաղել ահաբեկիչների հետ միասին: Աստծո օգնությամբ, Թուրքիայի զինված ուժերը շուտով Աֆրինում և Մանբիջում ավարտին կհասցնեն իրենց առաքելությունը: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և ռազմական գործողությունը կարող է մեկնարկել ցանկացած պահի», - հայտարարել է Էրդողանը` հատուկ ընդգծելով, որ արդեն մի քանի օր է, ինչ Սիրիայի հետ սահմանի երկայնքով գործի է անցել թուրքական հրետանին:
«Մենք հրետակոծում ենք [քրդական ուժերի դիրքերը] և շարունակելու ենք հրետակոծել», - հայտարարել է նա:
Haber Turk պարբերականի տեղեկություններով, քրդական ուժերի կենտրոնացման հիմնական շրջաններից մեկում` Աֆրինում ծրագրվող գործողությանը նախորդելու է լայնածավալ օդային հարված, որի թիրախն են դառնալու քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» մոտ 150 ռազմական օբյեկտներ: Թերթի տեղեկություններով, Սիրիայի քրդերի դեմ ուղղված այս գործողության առաջին փուլը կշարունակվի մոտ վեց օր: Դրանից հետո, ըստ Haber Turk-ի, Սիրիայի հյուսիս մուտք կգործեն թուրքական բանակի էլիտան համարվող հատուկջոկատայինները:
«Չի բացառվում, որ նրանք ստիպված լինեն դիրքային մարտեր վարել», - գրում է թերթը:
Թուրքական մեկ այլ պարբերականի` Milliyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հակված է տանկային հարձակման տարբերակին, որը կհաջորդի օդային հարվածներին:
«Հեռակառավարվող պայթուցիկ սարքերից խուսափելու համար թուրքական զրահատեխնիկայի վրա այսպես կոչված «ջամերներ»` ռադիոազդանշանը խլացնող սարքեր տեղադրված կլինեն», - գրում է Milliyet-ը:
Գրեթե անխուսափելի թվացող այս գործողության կյանքի կոչման ճանապարհին միակ խոչընդոտը կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի դաշնակիցների մոտեցումը: Դա է թերևս պատճառը, որ այսօր առավոտյան Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է Բրյուսել` բանակցություններ անցկացնելու դաշինքի ղեկավարության հետ: Թուրքական բանակի հրամանատարը Բրյուսելում արդեն իսկ հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա իր սահմանների երկայնքով «ահաբեկիչների բանակ ստեղծել»:
ՆԱՏՕ-ի դաշնակիցների, նախևառաջ ամերիկացիների դիրքորոշման մասին Էրդողանը խոսեց նաև այսօր՝ իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ Անկարայում կայացած հանդիպման ընթացքում:
Էրդողանը նախ նշեց, որ ռազմական գործողությունների փուլին անցնելուց առաջ ինքը չի պատրաստվում դիվանագիտական շփումների մեջ մտնել Վաշինգտոնի հետ․ - «Չեմ կարծում, թե ես պետք է զանգահարեմ Դոնալդ Թրամփին»:
Ի դեպ, Թուրքիայի նախագահի խոսքով, մեծ է հավանականությունը, որ քրդերի դեմ իրականացվող գործողություններին մասնակցեն նաև սիրիական զինված ընդդիմության ջոկատները:
«Շատ կարճ ժամանակահատվածում մենք կոչնչացնենք Աֆրինում և Մանբիջում գտնվող ահաբեկչության բոլոր օջախները` մեկը մյուսի հետևից», - հայտարարել է Էրդողանը: