Մատչելիության հղումներ

Մխիթարյանի շուրջ անորոշությունը շարունակվում է, նրա հնարավոր տրանսֆերը քննարկվում է Սանչեսի ձեռք բերման համատեքստում


Հենրիխ Մխիթարյան, արխիվ

Թեև «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ հայտարարել էր, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է՝ մասնակցի Stoke City-ի հետ հանդիպմանը, բայց երեկ Օլդ Թրաֆորդում կայացած խաղին, որի արդյունքում «Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթանակ տարավ, Մխիթարյանն այպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Ժոզո Մոուրինյոն, անդրադառնալով Մխիթարյանին, ասել է՝ նրան խաղադաշտ չի մտցրել, որովհետև ցանկանում է տեսնել ամբողջովին կենտրոնացած խաղացողների: «Ես հասկանում եմ, որ այսքան շատ խոսակցություններից, շահարկումներից հետո Մխիթարյանի համար հեշտ չէ տանը խաղալը, զգացումով որ դա [տրանսֆերը] կարող է տեղի ունենալ, կարող է և տեղի չունենալ»,- Մխիթարյանի հնարավոր տրանսֆերին անդրադառնալով ասել է «Մանչեսր Յունայթեդի» մարզիչը:

«Ես գերադասում եմ պաշտպանել նրան, պաշտպանել իրավիճակը, եթե մինչև տրանսֆերների շուկայի ավարտը նա այստեղ մնա: Նա շատ լավ խաղացող է, այս մրցաշրջանը նա լավ, շատ լավ սկսեց, հետո մի քիչ անկում ապրեց: Իսկ նախորդ մրցաշրջանում նա զարմանալի բաներ արեց մեզ համար, օգնեց՝ հաղթելու Եվրոպայի լիգայում, դառնալով ամենակարևոր խաղացողներից մեկը: Եկեք տեսնեք, թե ինչ կլինի, հունվարի 31-ին տրանսֆերների պատուհանը փակվում է»,- հավելել է Ժոզե Մոուրինյոն:

Բրիտանական մամուլից բացի Մխիթարյանի հետագա ճակատագրին են անդրադարձել նաև «Ռոյթերզ» և «Ֆրանս Պրես» միջազգային գործակալությունները: «Մխիթարյանը պատրաստվում է լքե՞լ մեզ: Դա հնարավոր է: Շուկան բաց է»,- ըստ «Ֆրանս Պրեսի», ասել է Մոուրինյոն: Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը վերջին օրերին քննարկվում է Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու համատեքստում: Նրան ցանկանում էին իրենց թիմում տեսնել ներկայումս Պրեմիեր լիգան գլխավորող երկու առաջատար ակումբները՝ «Մանչեսթր Սիթին» և «Մանչեսթր Յունայթեդը»:

Manchester Evening News-ը երկուշաբթի հաղորդել է, որ «Մանչեսթր Սիթին» ֆինանսական հարցերի պատճառով հրաժարվել է Ալեքսիս Սանչեսին ձեռբ բերելու մտադրությունից: Ֆուտբոլային ակումբը նման որոշման է հանգել գործարքի ֆինանսական կողմի քննարկումից հետո: «Մանչեսթր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որ Սանչեսը խաղա իր թիմում, բայց Սանչեսի պահանջած աշխատավարձը և նրա տեղափոխման համար անհրաժեշտ գումարը «Մանչեսթր Սիթիի» համար չափազանց մեծ է համարվել: Չիլիացի ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Բարսելոնա» ակումբում, երբ «Բարսելոնայի» մարզիչը նույն Պեպ Գվարդիոլան էր:

«Մանչեսթր Սիթիի»՝ Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու ծրագրից հրաժարվելուց հետո նրան գնելու՝ «Մանչեսթր Յունայթեդի» շանսերն ավելացել են: Ժոզե Մոուրինոյն ասել է, թե հետաքրքրված է Սանչեսով, բայց և ընդգծել՝ ամբողջովին վստահ չէ, որ այդ գործարքը տեղի կունենա: Մխիթարյանի տրանսֆերի հարցը մամուլը կապում է Սանչեսի հնարավոր տեղափոխման հետ՝ եթե վերջինս տեղափոխվի «Մանչեսթր Յունայթեդ», Մխիթարյանի տրանսֆերը կարող է լինել այդ գործարքի մասը:

Ըստ The Sun-ի, «Մանչեսթր Յունայթեդը» չիլիացի ֆուտբոլիստին շաբաթական 320 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է առաջարկում և 7 համարի մարզաշապիկը, իսկ նրա տրանսֆերի համար «Արսենալին» առաջարկում է 25 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գումարած Հենրիխ Մխիթարյանին: Սակայն նշվում է, որ Մխիթարյանին այդ գործարքը կարող է չգոհացնել՝ «Արսենալում» նրա աշխատավարձն ավելի քիչ կլինի, քան այժմ է: Բացի այդ, «Արսենալը» «Չեմպիոնների լիգայի» մրցաշարին մասնակցելու շանսեր չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG