Մատչելիության հղումներ

Մոսկվան, Անկարան ու Դամասկոսը  քննադատում են ԱՄՆ-ի նախաձեռնությունը


Ամերիկացի սպան զրուցում է Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկների հետ, Դերիկ, Սիրիա, 25-ը ապրիլի, 2017թ., արխիվ
Ամերիկացի սպան զրուցում է Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկների հետ, Դերիկ, Սիրիա, 25-ը ապրիլի, 2017թ., արխիվ

«Ամերիկան կրակի հետ է խաղում»

Թուրքիան, Սիրիան և Ռուսաստանը քննադատում են Սիրիայում զինված խմբավորում ստեղծելու՝ Միացյալ Նահանգների և դաշնակիցների նախաձեռնությունը: Խմբավորման մարտիկների թիվը կարող է հասնել 30 հազարի: Նրանք պետք է տեղակայվեն Թուրքիայի և Իրաքի սահմաններին:

Խմբավորման մոտ կեսը բաղկացած է լինելու քրդերի «Դեմոկրատական միություն - Ժողովրդի ինքնապաշտպանության ջոկատներ» կառույցի զինյալներից, ովքեր հսկողության տակ են վերցնելու Թուրքիայի սահմանին հարող շրջանները, իսկ արաբները կտեղակայվեն Իրաքի հետ սահմանին և Եփրատի հովտում: Թուրքերին, նախևառաջ, քրդերի գործոնն է զայրացնում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները կրակի հետ է խաղում, երբ «Իսլամական պետության» դեմ պայքարում դաշնակից է ընտրում ոչ թե Թուրքիային, այլ Դեմոկրատական միության և Ժողովրդի ինքնապաշտպանության գրոհայիններին: Այդպես ԱՄՆ-ն ահաբեկիչների բանակ է ստեղծում»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քըլընն էլ հայտարարել է, թե «ահաբեկչական կազմակերպությունն օրինականացնելու» ԱՄՆ-ի ձգտումը մտահոգություն է պատճառում: «Մենք մեզ վերապահում ենք ահաբեկչական բոլոր կազմակերպությունների դեմ պայքարելու իրավունք և՛ Թուրքիայում, և՛ մեր սահմաններից դուրս: Թուրքիան կձեռնարկի իր անվտանգությունը երաշխավորելու բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Քըլընը:

Վերլուծաբանները նշում են, որ ի տարբերություն քրդական արմատական կառույցների, «Դեմոկրատական միությունը» ոչ թե Սիրիայից անկախանալու, այլ Սիրիայի կազմում ավելի ընդարձակ ինքնավարություն ձեռք բերելու կողմնակից է: «Դեմոկրատական միությունը» մեծ դեր է ունեցել Սիրիայում «Իսլամական պետության» ջոկատներին Ռաքքայից դուրս մղելու գործողություններում: Ռաքքան իսլամիստներն իրենց մայրաքաղաքն էին հռչակել: Այնուամենայնիվ՝ Անկարայում ենթադրում են, որ «Դեմոկրատական միությունը» կապեր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:

«Պայքար՝ ամերիկյան նախագծերի դեմ»

Սիրիայի իշխանությունը հայտարարել է, թե ոչ մի պարագայում չի հանդուրժի Ամերիկայի ուղղակի կամ անուղղակի ներկայություն երկրի տարածքում:

«Սիրիայի բանակն ու ժողովուրդը վիթխարի հաղթանակներ են տարել ահաբեկիչների և ամերիկյան պրոյեկտ հանդիսացող այլ թշնամիների նկատմամբ և հանուն երկրի միասնության ու տարածքային ամբողջականության՝ վճռական են Սիրիայի տարածքում ամերիկյան որևէ ներկայության վերջ տալու հարցում»,- ասվում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալության այսօր տարածած հաղորդագրությունում, ըստ որի, ամերիկացիների ստեղծելիք ջոկատների յուրաքանչյուր անդամ կհամարվի ազգի դավաճան:

Մոսկվան Սիրիայի մասնատման վտանգ է տեսնում

Ռուսները ևս դեմ են ամերիկացիների այս նախաձեռնությանը: «Հայտարարությունն այն մասին, որ անվտանգության գոտին պետք է հսկեն ամերիկացիների աջակցությամբ գործող՝ ընդհուպ մինչև 30 հազարանոց ջոկատները, շատ լուրջ խնդիր է: Դա կարող է հանգեցնել Սիրիայի մասնատման»,- այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այս թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Վերջինս «Թվիթերում» գրել է․ «Պաշտոնապես Ամերիկան միասնական Սիրիայի կողմնակից է, բայց գործնականում ամեն բան անում է այդ երկիրը մասնատելու համար»:

ՌԴ պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովն էլ ասել է․ «Այդ նախաձեռնությամբ ամերիկացիները ցանկանում են Սիրիայում ապակայունացնել իրավիճակը և ստեղծել Բաշար Ասադին գահընկեց անելու պայմաններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG