Մատչելիության հղումներ

Հիմնադրման 85-ամյա հոբելյանը 2017-ին նշած Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցած տարեվերջին իր մանկապատանեկան տարիքի հանդիսատեսին ամանորյա ավանդական տոնածառ - Ձմեռ պապ- Ձյունանույշ հայտնի եռանկյունյունին պատկերող ներկայացումը փոխարինեց «Սառցե սիրտը» մանկական երաժշտական ներկայացմամբ՝ Լիլի Էլբակյանի բեմադրությամբ:

Ներկայացման պրեմիերան իրոք տպավորիչ էր: Ժամանակակից տեսաձայնային միջոցներով, որով հագեցած է Սունդուկյանի թատրոնը, նման ներկայացում առաջին անգամ է բեմադրվում ոչ միայն այդ թատրոնում, այլև առհասարակ մայրաքաղաքային մյուս բեմերում:

Այս մանկական երաժշտական պիեսը հանդիսատեսին կներկայացվի նաև ողջ տարվա ընթացքում։ Ի դեպ, «Սառցե սիրտը» անցած տարվա ընթացքում սունդուկյանցիների՝ հանդիսատեսին մատուցած չորրորդ պրեմիերան էր:

«Փորձում ենք էս ակադեմիական պատերը մի քիչ կոտրել», - ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: - «Իր մոտեցմամբ, իր ներդրումներով չի տարբերվում այն ներկայացումներից, որոնք մենք պատրաստում ենք մեծահասակների համար: Վերջապես մեր իրականության մեջ պիտի փոխվի այդ մտայնությունը՝ մենք թատերական լեզվով ասում ենք յոլկա անել: Յոլկա չպիտի անենք այլևս: Մենք պետք է շատ լուրջ մոտենանք մանկական ներկայացումներին, մեծ ներդրումներով: Ոչինչ չի խնայվել ներկայացման վրա և ստեղծվել է մի ներկայացում, որը, պատասխանատվությամբ կարող եմ ասել, այսօր երևի թե միայն Մայր թատրոնը կարող էր այս շքեղության ներկայացում ստեղծել»:

Առհասարակ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն 2017-ին, տնօրենի գնահատմամբ, բավական լուրջ ձեռքբերումներ է գրանցել:

«Մայր թատրոնը պետության առջև ստանձնած իր պատասխանատվությունը կատարել է հարյուր տոկոսով և պլյուս։ Այդ թվերը մենք կներկայացնենք նախարարությունը և կստանանք գնահատականը», - փոխանցեց տնօրենը՝ շարունակելով․ - «Իրականացրել ենք այս տարի չորս պրեմիերա: Առաջինը եղավ «Արծվաբույնը», որը Արցախյան ազատամարտին էր նվիրված: Դրան հաջորդեց մեր էքսպերիմենտալ բեմի ներկայացումը՝ «Վերադառնում եմ, մոռացեք»: Այս ներկայացումը, ի դեպ, վերջերս Մոլդովայում մասնակցեց միջազգային թատերական փառատոնի: Որից հետո մենք սեպտեմբեր-հոկտեմբերին ունեցանք «Մեծապատիվ մուրացկանների» պրեմիերան: Եվ ահավասիկ «Սառցե սիրտն է» հաջորդում»:

Օրերս Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը «Ազատության» հետ հարցազրույցում խոսում էր մարզային հյուրախաղերի արդյունավետության մասին: Մայր թատրոնի տնօրենը նշեց, որ իրենք «փայլուն կերպով իրականացրել են «Մշակութային կանգառի» իրենց մասնաբաժինը»․ - «Բոլոր այն վայրերը, թե՛ Արցախ, թե՛ Շիրակ, թե՛ Լոռի, թե՛ Սյունիք, բոլոր մարզերը, որտեղ մենք եղանք, լեփ-լեցուն դահլիճներ, հյուրընկալ և բավարարված ժպիտներ: Այնպես որ, այս առումով նույնպես համարում ենք տարին շատ հաջող»:

Ինչ վերաբերում է թատրոնի կարիքներին, ապա, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, այն ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը, որը ունեն առայժմ միայն Սունդուկյանի անվան և օպերային թատրոնները, մասնագիտացված կադրերի անհրաժեշտության խնդիր է առաջ բերում․ - «Մենք դեռ կարիք ունենք մասնագետների, որոնք կկարողանան էս ամեն ինչը աշխատացնել: Էդ ինստիտուտները մեզանում դեռ չկան, և դեռ պիտի մտածենք, թե ինչպես պիտի անենք, որպեսզի սպասարկող անձնակազմի խնդիրը լուծենք: Որովհետև էս պարագայում արդեն սովորական աշխատողներ չեն անհրաժեշտ, այլ բարձր կարգի մասնագետներ: Գուցե համալսարաններում կամ ինստիտուտներում ինչ-որ բաժիններ բացվեն նման մասնագետների համար, որովհետև պիտի տիրապետեն 21-րդ դարի տեխնիկային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG