Մատչելիության հղումներ

Պուտինը կոմունիստական գաղափարախոսությունը համեմատում է քրիստոնեության, իսկ Լենինի դին՝ սրբերի մասունքների հետ


Ռուսաստանի նախագահ, մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն իր նախընտրական շտաբի մամուլի քարտուղար, լրագրող Անդրեյ Կոնդրաշովի հեղինակած «Վալաամ» ֆիլմում կոմունիստական գաղափարախոսությունը համեմատում է քրիստոնեության, իսկ բոլշևիկյան պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի մարմինը՝ քրիստոնեական սրբերի մասունքերի հետ:

Երեք Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունները ցուցադրել են Կոնդրաշովի ֆիլմից հատվածներ, ինչից հետո Պուտինի հիշյալ խոսքը դարձել է երկրում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի հետագա ճակատագրի հարցը Ռուսաստանում պարբերաբար բարձրացվում ու բուռն վեճերի առարկա է դառնում: Հանրության մի հատվածը համարում է, որ երկիրը չի կարող լիարժեք կերպով զարգանալ, քանի դեռ բոլշևիկյան առաջնորդի դին ցուցադրվում է մայրաքաղաքի կենտրոնում:

Ռուսաստանի գործող նախագահն ու արդեն չորրորդ անգամ նախագահական աթոռին հավակնող Վլադիմիր Պուտինը Կոնդրաշովի ֆիլմում նաև ասում է․ «Լենինը դրվել է դամբարանում, ինչո՞վ է նրա մարմինը ուղղափառների կամ պարզապես քրիստոնյաների համար տարբերվում սրբերի մասունքներից: Երբ ինձ ասում են, թե քրիստոնեական աշխարհում նման ավանդույթ չկա, ես հակաճառում եմ՝ գնացեք Աֆոն և նայեք՝ այնտեղ սրբերի մասունքներ կան, և այստեղ՝ Վալաամում Սերգեյի և Հերմանի սուրբ մասունքները կան»:

Կոմունիզմը քրիստոնեության հետ համեմատելիս Պուտինը նաև հիշեցնում է․ «Ազատություն, եղբայրություն, հավասարություն, արդարություն, այս ամենը կա Սուրբ գրքում»: Նրա խոսքով՝ կոմունիզմն, «ըստ էության», Աստվածաշնչի պարզունակ տարբերակն է, կոմունիստները նոր բան չեն հորինել:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության որոշ ներկայացուցիչներ երեկ, մեկնաբանելով Պուտինի այս խոսքերը, նշել են, թե նման հայտարարություններով վերջինս պարզապես ցանկանում է շահել ձախ ուժերի համակրանքն ու համապատասխան ընտրազանգվածի քվեները:

Մինչդեռ երկու տարի առաջ՝ 2016 թվականի հունվարին ևս Պուտինը հայտարարել էր, թե կումունիստական գաղափարախոսությունը նման է քրիստոնեությանը: Նա, մասնավորապես, նշել էր, թե ինքը մոտ 20 տարի հանդիսացել է կոմկուսի անդամ ու թեև կուսակցական գործիչ չի եղել, սակայն, ի տարբերություն ուրիշների, իր կուսակցական տոմսը չի այրել ու մինչ օրս պահում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG