Մատչելիության հղումներ

Լավրով. «Թրամփի հայտարարությունների նպատակը Իրանի հետ միջուկային համաձայնագրի տապալումն է»


ԱՄՆ նախագահն ու Ռուսատսանի արտգործնախարարը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ նախագահն ու Ռուսատսանի արտգործնախարարը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների նպատակը Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի տապալումն է, այսօր Մոսկվայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունները չեն նպաստում կայունությանը և լավատեսություն չեն ներշնչում», - ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

«Ցավոք սրտի, մեր ամերիկացի գործընկերների ցանկությունը վերջնաժամկետների և թելադրանքի հիման վրա տարվող քաղաքականությունը շարունակելն է: Նրանք չեն ցանկանում ականջալուր լինել համաշխարհային քաղաքականության մյուս կենտրոններին` փաստորեն հրաժարվելով ընդունել նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհի գոյությունը», - հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 12-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս կգա համաձայնագրից, եթե եվրոպացի գործընկերները չվերանայեն դրանում առկա «սարսափելի թերությունները»։

Այդ համաձայնագրով, հիշեցնենք, Իրանը պարտավորվում է սահմանափակել իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց գերտերությունները պակասեցնում են Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, մինչդեռ Միացյալ Նահանգների և մյուս պետությունների կարծիքով Թեհրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG