Մատչելիության հղումներ

Հայ դահուկորդները շեշտում են՝ կարևորը Օլիմպիադային մասնակցությունն է


Դահուկորդ Միքայել Միքայելյանը զրուցում է «Ազատության» հետ, Աշոցք, 12-ը հունվարի, 2018թ․
Դահուկորդ Միքայել Միքայելյանը զրուցում է «Ազատության» հետ, Աշոցք, 12-ը հունվարի, 2018թ․

Աշոցքում ընթացող դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը հայ դահուկորդների վերջին հնարավորությունն է՝ ձմեռային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային միավորներ վաստակելու:

18-ամյա Միքայել Միքայելյանը, ով ծնողների շնորհիվ է զբաղվում դահուկային սպորտով, օլիմպիական վարկանիշ արդեն իսկ ձեռք է բերել: Դահուկորդներից հենց նա էլ հնարավոր է ներկայացնի Հայաստանը փետրվարին հարավկորեական Փհենչանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերում:

«Կփորձեմ մտնել լավագույն քսանյակի մեջ, սակայն քանի որ այս տարի մրցաշարում ես մինչև 20 տարեկան երիտասարդների մեջ փոքր հասակն եմ, այսինքն՝ այս տարի մրցում են 98 և 99 թվականի ծնվածները, իսկ արդեն հաջորդ տարի՝ 99 և 2000 թվի ծնվածները, ես 99 թիվն եմ, և այս տարի եթե գրավեմ լավագույն քսանյակը, ապա հաջորդ տարի կարելի է շատ մեծ սպասումների սպասել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միքայել Միքայելյանը:

«Կարելի է ասել, որ հենց դահուկներով էլ ծնվել եմ», - կատակեց երիտասարդ մարզիկը:

Դահուկասպորտում Հայաստանը կներկայացնի երկու դահուկորդ՝ մեկ կին և մեկ տղամարդ։ Դեռևս քննարկվում են Միքայել Միքայելյանի և 25-ամյա Կատյա Գալստյանի անունները:

«Մեծ սպասումներ ունեմ, որ ես կմասնակցեմ Օլիմպիական խաղերին, բայց ինչ մնում է, որ ես չեմպիոն լինեմ այնտեղ, դա մեծ հաղթանակ կլինի: Կարևորը մասնակցությունն է և լավ ելույթ ունենալը: Ես ուրիշ բան չեմ կարող խոստանալ», - ասաց Կատյա Գալստյանը:

Աշոցքում անցկացվող մրցաշարին մասնակցելու և հաղթելու դեպքում Հայաստանի լավագույն դահուկորդներից մեկը՝ Սերգեյ Միքայելյանը, կարող էր մասնակցել ձմեռային Օլիմպիական խաղերին, սակայն վնասվածք ստանալու պատճառով բաց թողեց հնարավորությունը: Ասում է՝ տեղի մարզիչների բացակայությունն է պատճառը, որ այս սպորտաձևը բավարար չափով չի զարգանում:

«Իմ հայրն ու մայրը զբաղվում են ու պահում են էնքան, ինչքան որ հնարավորություն ունեն: Իսկ եթե լինի ծրագիր, սպորտդպրոց, նման կառույցներ, որտեղ հնարավոր լինի մարզիչներ աշխատեն, մենք ոչ թե տասը մարզիկ կկարողանանք ներկայացնել, այլ ինչպես դահուկավազքի զարգացած պետություններում՝ հարյուրավորներ», - շեշտեց Սերգեյ Միքայելյանը:

Միքայել և Սերգեյ Միքայելյանների հայրը՝ Արթուր Միքայելյանը դահուկասահքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է: Ասում է՝ թանկ սպորտաձև է, դահուկորդներն էլ, օրինակ, Եվրոպայում աշխատավարձ են ստանում: Այստեղ խնդիրները շատ են:

«Շատ հետաքրքիր դեպք պատահեց ինձ հետ Ֆինլանդիայում 2011 թվականին, որտեղ Սերգեյը հաղթեց պատանիների մեջ։ Կուրյոզն ինչումն էր՝ որ բոլորը զարմացած էին, ու կարծեմ «Հելսինկի սպորտ», տենց թերթ կա, գրել էր, որ ինքը և՛ հայրն է, և՛մարզիչն է, և՛ մասաժիստն է, և՛ դահուկ քսողն է: «Ֆորմուլա 1»-ն ինչպես է՝ տարբեր անձնակազմ ունեն, և այսօր պայքարել նրանց հետ դժվար է: «Մերսեդես»-ին ուզենաս «Զապորոժեց»-ով անցնես՝ չես անցնի, թեկուզ էնտեղ նստեցնենք Շումախերին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արթուր Միքայելյանը:

Պետության կողմից ներդրումների դեպքում հնարավոր կլինի Աշոցքում սպորտդպրոց ստեղծել, դահուկասպորտը զարգացնել: Այդ դեպքում Աշոցքը կարող է դառնալ տարածաշրջանի ձմեռային կենտրոն, ասում է Հայաստանի դահուկասահքի հավաքականի գլխավոր մարզիչը:

«Շատ տարիներ առաջ կառավարությունը, սպորտային ղեկավարությունը ընտրել է մի ուղի, ես շատ հարգում եմ էն սպորտաձևին որ իրենք գումարներ են տալիս, իրենք արժանի են, հսկայական գումարներ են ստանում, ես շատ ուրախ եմ, հպարտանում եմ մեր ըմբշամարտիկներով, բռնցքամարտիկներով, ծանրամարտիկներով, մարմնամարզիկներով, սակայն մեր կառավարությունը մի քիչ ինչ-որ ջոկողություն է դրել՝ մեզ, այսինքն, տալիս է 4, 6 միլիոն դրամ, դա ենք ստանում, իսկ նրանց՝ 200, 300: Ես նորից եմ կրկնում՝ նրանք արժանի են: Ցանկանում եմ՝ նրանց դարձնեն միլիարդ, մեզ՝ հարյուր միլիոն», - նշեց Արթուր Միքայելյանը:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի սպորտի և միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն ու Դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը չեն կարծում, որ հայաստանցի դահուկորդները մեծ հաղթանակներով կվերադառնան:

«Որ ասենք՝ ինչ-որ մեդալի հույսեր ունենք, չէ, սուտ կլինի էսօր դրա մասին խոսել, բայց էն որ արժանի կներկայացնեն մեր երկիրը՝ վստահ եմ դրանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բոլշիկյանը:

«Գիտեք, եթե ես հիմա ասեմ՝ մենք մեդալների ենք սպասում, էդ ֆանտաստիկայի ժանրից է: Բայց եթե ես ասեմ, որ մենք ձգտում ենք դրան, և տարիներ հետո, Աստված տա, մենք հասնենք դրան, կարծում եմ՝ աշխատանքի արդյունք պետք է լինի գիշերուզօր», - իր հերթին, նշեց Սարգսյանը:

Դեռևս պարզ չէ, թե ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն փետրվարի 9-25-ը, բացի դահուկորդներից, արդյոք գեղասահորդ և լեռնադահուկորդ Հայաստանը կներկայացնի՞, թե՞՝ ոչ:

«Մեր լեռնադահուկորդները շանս ունեն ռեյտինգ վաստակելու, հիմա կմեկնեն մոտակա օրերս Պարսկաստան, և հուսով ենք, որ մի տղա էլ լեռնադահուկից կունենանք, եթե բարեհաջող էնտեղ լավ, նորմալ քշեն: Եվ մեր գեղասահորդները՝ մի զույգ ունենք և մեր աղջիկը՝ Անաստասիա Գալստյանը, որոնք որ շատ մոտ են և ոնց որ պահեստային են․ եթե լինեն երկրներ, որոնք հրաժարվեն ինչ-ինչ պատճառներով կամ վնասվածք ստանան, հերթականությամբ իրենք հնարավոր է նաև մասնակից լինեն Օլիմպիադային», - փոխանցեց Գագիկ Բոլշիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG