Մատչելիության հղումներ

Զավեն Սարգսյան․ «Պրոբլեմ ունենք մեզ ներկայացնելու դուրսը»


Զավեն Սարգսյան, արխիվ

Մշակութային օջախները ամանորյա տոնական հանդեսներից ու ներկայացումներից հետո աստիճանաբար անցնում են բնականոն գործընթացների: Նշենք, որ եթե մինչև 2018 թվականը յուրաքանչյուր տարեսկզբից թանգարանները հիմնականում փակ էին, և հունվարի 1-ից աշխատում էր միայն Փարաջանովի թանգարանը, այս տարի հունվարի 1-ից գոնե մայրաքաղաքում թանգարանները բացեցին դռներն այցելուների առաջ:

Հիմա էլ ահա տարվա առաջին մշակութային իրադարձություններից մեկը նախաձեռնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, որտեղ հունվարի 18-ին կմեկնարկի «Երաժշտական հինգշաբթի» ծրագիրը: Առաջին համերգին ելույթ կունենա Հարությունյան փայտափողային-դաշնամուրային քառյակը, որի կազմում են Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Նիկոլայ Պետրոսյանը (ֆագոտ), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Տիգրան Վարդանյանը (հոբոյ) և դաշնակահարուհիներ Անահիտ Ներսիսյանն ու Լիլիթ Զաքարյանը: Համերգային ծրագրում կհնչեն Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները:

Իհարկե, ոչ բոլոր մշակութային օջախներն են շտապում հենց տարվա առաջին ամսում դռները բացել հանդիսատեսի առջև: Oրինակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնն իր հանդիսատեսին կներկայանա փետրվարի 4-ին՝ «Անուշ»-ի բեմադրությամբ: Մյուս թատրոնները ավարտում են դեկտեմբերի 22-ից սկսած ամանորյա ներկայացումների շարքը հենց այս շաբաթվա վերջին և արդեն հաջորդ շաբաթվանից կսկսեն իրենց խաղացանկային ներկայացումները մատուցել հանդիսատեսին:

Արդեն իսկ այս շաբաթվա ընթացքում թատրոններից մեկը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը, պիտի որ վերջապես նոր տնօրեն ունենար, բայց տեղի ունեցած մրցույթի արդյունքում հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը չի ներկայացել մրցույթի, իսկ մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից և ոչ մեկն էլ այդպես էլ բավարար քանակով ձայն չի ստացել: Թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ մշակույթի նախարարությունը կհայտարարի առաջիկայում:

Թե ինչպիսին կլինեն այս տարվա մշակութային առանձնահատկությունները, ձեռքբերումները, հայտնի կդառնա թերևս տարվա ընթացքում:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը 2018-ից իր ակնկալիքների մասին «Ազատության» հարցին արձագանքեց․ - «Կուզեի, որ մի քիչ ավելի ակտիվանար մշակութային կյանքը: Ակտիվ է ինչ-որ տեղ, բայց մենք պրոբլեմ ունենք մեզ ներկայացնելու դուրսը: Եվ ինչն է ցավալի՝ սա չի արվում հաճախ, որովհետև միջոցներ չկան, որովհետև շատ քիչ միջոցներ են տրվում մշակույթին»: «Եթե սպոնսորներ չլինեն, շատ բաներ ուղղակի չեն կայանա», - ընդգծեց նա:

«Նայեք, մեր հարևանները՝ ադրբեջանցիք, գրեթե բան չունեն ցույց տալու, բայց նրանք ամենափոքր առիթը օգտագործում են, որ օրեր անեն, ցուցահանդեսներ՝ չնայած բան չունեն ցույց տալու: Մենք ունենք, բայց էդ միջոցները չունենք», - նշեց Սարգսյանը:

«Պետականորեն պետք է էս ծրագիրը լինի: Ի վերջո, մենք ունենք պրոբլեմ՝ Ժամանակակից արվեստի թանգարան կառուցելու, նոր շենք, մեծ, լուսավոր դահլիճներով: Բա մարդ էսքան նկարիչ ունենա, ու նրանք չկարողանան ցուցադրվե՞ն․ մենք չենք կարողանում ցուցադրել», - ընդգծեց արվեստագետը:

«Էստեղ մենք էսքան դատարկ շենք ունենք գործարանային, բայց որ ասում ես, ասում են՝ բա սա սրանն է, նա էլ նրանն է, հիմա ո՞նց նրանցից վերցնենք, երբ որ դրանք կոպեկներով ժամանակին գնել են էդ մարդիկ: Ցավոք սրտի, մեր մեծահարուստները․․․ Մեր մեծահարուստներից մեկը՝ Վաչե Մանուկյանը, 25 տարի է՝ քաղաքի կենտրոնում թանգարանային շենք գնեց՝ Ամիրյան փողոցի վրա, որ պիտի լիներ Երևանի թանգարան, և դռները փակ էդ շենքը 25 տարի կանգնած է», - ասաց Սարգսյանը:

«Մարդիկ կան, որ մեծ գումարներ են ծախսում: Եթե դու 25 միլիոն տալիս ես՝ եկեղեցի ես կառուցում, միգուցե հարցնես ժողովրդին, ասես՝ ի՞նչ է պետք, միգուցե թանգարան կառուցես, կամ թատրոն, կամ չգիտեմ ինչ», - նշեց արվեստագետը:

Հարցին՝ իսկ չի՞ դիմել նախարարություն, Զավեն Սարգսյանը արձագանքեց․ - «Չէ, ես դիմել եմ պրեզիդենտին էլ քանի անգամ, բայց շատ բարդ հարց է շենքի հարց լուծելը: Շենքը փակած կանգնած է 25 տարի քաղաքի կենտրոնում՝ հենց թանգարանային շենք, որ թանգարան է պլանավորված եղել էնտեղ բացել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG