Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը իրենից բացի չի տեսնում մեկին, ով կկարողանա գլխավորել Ֆուտբոլի ֆեդերացիան


Հայաստանի ֆուտբոլ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական տալ, թեև ազգային հավաքականն այդպես էլ չհաղթահարեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը։ Պատասխանելով Ազատության հարցին՝ արդյոք պատրաստվում է կատարել դեռ 2015 թվականին տված խոստումը Հայրապետյան հայտարարեց՝ ոչ։

Հիշեցնենք՝ 2015-ին նոյեմբերին 30-ին Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ Հայրապետյանը ասել էր, որ եթե հավաքականը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի՝ ինքը հրաժարական կտա։

«Միանգամից բոլորին հիասթափեցնեմ՝ այն մարդկանց, որոնք սպասում են իմ հրաժարականին․ ոչ, ես հրաժարական չեմ պատրաստվում տալ», ֊ հայտարարեց Հայրապետյանը՝ շարունակելով․ ֊ «Եվ երկրորդ՝ երբ այդքան ներկայացնում եք Red Eagles ակումբի հետ հանդիպման ժամանակ․․․ այնտեղ հանդիպումը եղել է՝ ինչ֊որ ընկերական զրույցների ժամանակ»:

«Ազատությունը» Հայրապետյանից հետաքրքրվեց՝ եթե Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպումը եղել է ընկերական, ապա ինքն արել է այդ հայտարարությունը առանց հետագայում խոսքը պահելու մտադրությա՞ն։ Հայրապետյանը հարցին արձագանքեց՝ ես այն տղամարդն է, ով իր խոսքի տերն է․ ֊ «Ովքեր կասկածում են իմ՝ խոսքի տերը լինելու մեջ կամ տղամարդկային հատկությունների մեջ, ես կխնդրեի նրանք շատ խորը ուսումնասիրեին ինձ և հասկանային առհասարակ՝ ես իմ խոսքի տեր մարդ եմ, թե տղամարդկային ինչ հատկություններ ունեմ: Ես տղամարդկային ասելով ուրիշ բաներ հանկարծ չվերագրեք․ տղամարդ, որ իր խոսքը պահում է: Ես երբևիցե իմ խոսքը չեմ դրժել և իմ խոսքի տերն եմ եղել, և ես նորից եմ կրկնում՝ փողոցային, ընկերական խոսակցությունները պետք է չդարձնել մատի փաթաթան»:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն ընդամենը մեկ տարի է մնացել, բայց Ռուբեն Հայրապետյանը իրենից բացի չի տեսնում այնպիսի մեկին, ով կկարողանա գլխավորել ֆեդերացիան:

«Ես չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է այս պահին իմ ստեղծածի վրա ինչ֊որ մի բան ավելացնել կամ գոնե չքանդել», ֊ հայտարարեց նա: ֊ «Դուք որևէ մեկին տեսնո՞ւմ եք, որ պատրաստ է գալ ֆեդերացիայի ղեկավար: Անունը տվեք»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա թե ինչ էր տեղի ունեցել նրա և «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ Ժոզի Մոուրինյոյի միջև՝ Ռուբեն Հայրապետյանը փակագծերը բացել չի շտապում, հայտարարելով, թե պետք չէ խառնվել անգլիական ակումբի գլխավոր մարզչի և հայ ֆուտբոլիստի աշխատանքային հարաբերություններին․ ֊ «Ես կարծում եմ պետք է համբերել և ուզում եմ բոլորիդ հավատացնել, որ Հենրիկ Մխիթարյանը այն ֆուտբոլիստն է, որ եթե, Աստված մի արասցե, «Մանչեսթր Յունայթեդում» չստացվեց իր խաղը, Հենրիկ Մխիթարյանը աշխարհի ցանկացած բարձրակարգ ակումբում կարող է խաղալ և Հենրիկ Մխիթարյանը երբեք չի մնա պահեստայինների նստարանին, որովհետև ինքը այն պրոֆեսիոնալն է ու աշխատասեր ֆուտբոլիստը, որ իր տեղը միշտ կունենա հիմնական կազմում»:

Հենրիկ Մխիթարյանի մասին հիացմունքով խոսող Հայրապետյանը դժգոհ է, սակայն, ազգային հավաքականից։ Ըստ նրա՝ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն իսկ ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ում կցանկանար տեսնել ազգային հավաքականի կազմում։ Բայց թե կոնկրետ ում խաղից է դժգոհ Հայրապետյանը և ովքեր պետք է խաղադաշտ դուրս չգան, անուններ տալ չի շտապում։

«Ե՛վ ես, և՛ հավաքականի մարզիչը մեր հավաքականի ֆուտբոլիստների խաղից դժգոհ ենք: Բնականաբար լուրջ հետևություններ արվել են և կլինեն փոփոխություններ հավաքականի կազմում», ֊ միայն ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Փոխարենը ֆեդերացիայի ղեկավարին ամբողջությամբ գոհացնում է գլխավոր մարզչի աշխատանքը։ Արթուր Պետրոսյանի փոփոխության հարց չի քննարկվելու, նրա հետ 1 ամիս առաջ 2 տարով պայմանագիրը երկարացվել է՝ ասաց նա։ Լրագրողները, սակայն, հիշեցրեցին՝ հավաքականը դարպասապահի կարիք ունի։ Հայրապետյանն էլ թե՝ կրկին բանակցում են «ՈՒֆա»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, բայց նա չի դեռ ցանկանում խաղալ եռագույնի ներքո։ ֊ «Եթե մարդը հրաժարվում է՝ ի՞նչ պետք է անենք: Նորից, այո՛, հրավիրելու ենք, նորից փորձելու ենք իրեն հրավիրել ազգյաին հավաքական», ֊ նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG