Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է մասնակցել իր դատավարությանը, քանի դեռ չեն կատարվել շուրջ 25 օր հացադուլ անող «Սասնա ծռեր» խմբի երկու անդամների պահանջները:

Չնայած դատավորի արգելքին՝ ընդդիմադիր գործիչը հանդես եկավ հայտարարությամբ: - «Դուք տեղյակ եք, որ այս օրերին մեր ընկերները հացադուլի մեջ են գտնվում: Ելնելով այս իրավիճակից, մինչև այն ժամանակ, որ Բիլյանի և Բարսեղյանի պահանջը չի կատարվել, ես այլևս ֆիզիկապես այստեղ ներկա չեմ լինի», - այսօր դատարանում հայտարարեց Սեֆիլյանը: - «Ուստի հայտարարում եմ, որ իմ պաշտպաններից ես հրաժարվում եմ և լքում եմ դահլիճը»:

Մինչև Սեֆիլյանը կհեռանար դահլիճից, նրան մոտեցան ոստիկանները՝ կատարելու դատավորի սանկցիան՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդին չորս ժամով հեռացնել նիստից: Ժիրայր Սեֆիլյանին միացավ նաև Գևորգ Սաֆարյանը, ով այսօր պետք է հարցաքննվեր դատարանում․- «Ես նույնպես միանում եմ պարոն Սեֆիլյանի հայտարարությանը: Ես դատարանի թույլտվությունը չեմ հարցնում՝ ես նույնպես ժամանակավորապես հրաժարվում եմ իմ պաշտպաններից, մինչև որ Արմենը և Սմբատը իրենց պայքարին չհասնեն և չտեղափոխվեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»:

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ չի կարող մնալ դահլիճում, քանի որ պաշտպանյալը հրաժարվում է իր ծառայություններից: - «Դուք ինձ ստիպում եք, որ ես իմ պաշտպանյալի շահերի դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ընդունեմ», - ընդգծեց նա:

Դատավորը հայտարարեց, որ արգելում է փաստաբանին լքել դատական նիստերի դահլիճը, իսկ երբ փաստաբանը հեռացավ՝ փաստեց․ - «Դատարանը արձանագրում է, որ պաշտպան Տիգրան Հայրապետյանը առանց նախագահողի թույլտվության լքեց դատական նիստերի դահլիճը»:

Դատավորը, սակայն, այս պայմաններում ևս շարունակեց նիստը՝ պատճառաբանելով, թե դահլիճում է Սեֆիլյանի մյուս փաստաբանը՝ Արայիկ Պապիկյանը, ով, սակայն, ասում էր, թե Ներսես Պողոսյանի շահերն է ներկայացնում:

«Գոյություն չունի որևէ նորմ, որի համաձայն ես հանդիսանում եմ Սեֆիլյանի պաշտպանը: Այն պահից, երբ անձը հայտարարեց, որ հրաժարվում է ինձանից, որպես պաշտպանի, ես չեմ իրականացնում նրա պաշտպանությունը», ֊ պնդեց պաշտպանը:

«Դատարանը, հաշվի առնելով, որ Սեֆիլյանի և Սաֆարյանի պաշտպանության իրավունքը լիարժեք ապահովված է, որոշում է շարունակել գործի քննությունը», ֊ պատասխանեց դատավորը: Ավելին, Տաթևիկ Գրիգորյանը առանց Գևորգ Սաֆարյանի մասնակցության ավարտված համարեց նրա հարցաքննությունը․ ֊ «Քանի որ վերջինս իր դրսևորած գործողություններով, ըստ էության, զրկեց իրեն իր ցուցմունքի շարունակությունը դատարանին ներկայացնելու հնարավորությունից»:

Այսպիսով, դատավարությունը շուտով կմտնի եզրափակիչ՝ մեղադրական և պաշտպանական ճառերի փուլ: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը գնահատեց դատավորի գործելաոճը․ ֊ «Արագ ցանկանում է ավարտել և անտեսում է բոլոր իրավունքներն ու բոլոր դատավարական ընթացակարգերը, շտապում է խորհրդակցական սենյակ՝ բնականաբար պատվիրված դատական ակտ կայացնելու, որովհետև այս բոլոր խախտումները մեկ բան են հուշում, թե ինչպիսի դատական ակտ պետք է լինի»:

Արայիկ Պապիկյանն էլ հեգնեց, թե շնորհակալ է դատավորին, քանի որ նրա այսօրվա որոշումներից հետո այս գործը Եվրոպական դատարանում շահելն ավելի հեշտ դարձավ: Իսկ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանին դատական կարգադրիչներն այսօր թույլ չէին տվել մուտք գործել դատարան՝ ի տարբերություն մյուս փաստաբանների նրանից պահանջելով ցույց տալ պայուսակի պարունակությունը: Այսօր նախատեսված էր հենց Եգորյանի պաշտպանյալի հարցաքննությունը, նախորդ նիստերին դատավորը այս փաստաբանի հետ պարբերաբար մտնում էր վիճաբանությունների մեջ, Եգորյանն էլ հայտարարել էր, թե Տաթևիկ Գրիգորյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու:

«Եթե Տաթևիկ Գրիգորյանը կարծում է, որ իրեն վերաբերելի չէ, արդարադատության շահերից էլ չի բխում միջոցներ ձեռնարկելն իմ մասնակցությունն ապահովելու համար և իմ նկատմամբ ապօրինի միջամտությունը դադարեցնելու համար, հերթական ոչ զարմանալի խախտումն է Տաթևիկ Գրիգորյանի կողմից, որը իր՝ արդարադատության վերաբերյալ ընկալումների տիրույթում է», ֊ հայտարարեց Եգորյանը:

Ըստ մեղադրանքի, Ժիրայր Սեֆիլյանը նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, կազմակերպված խմբի կազմում զենք է ձեռք բերել, որպեսզի ռազմավարական նշանակության շենքեր զավթի։ Ընդդիմադիր գործիչը հրաժարվել է ցուցմունք տալ՝ դատավարությունը թատերական միջոցառում որակելով: Նրա դեմ դատարանում վկայել է այս գործով անցնող միայն մեկ մեղադրյալ՝ Հովհաննես Պետրոսյանը՝ պատմելով, թե «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդի հետ ծանոթացել է «Ֆեյսբուքի» միջոցով, հետո նրանից հրահանգ ստացել՝ պատրաստվել Նորքի հեռուստաաշտարակը գրավելուն։ Որոշ մեղադրյալներ ցուցմունք են տվել, թե Սեֆիլյանին միայն հեռուստացույցով են տեսել, անձամբ չեն ճանաչում։ Այնինչ, ըստ մեղադրանքի, նրանք Սեֆիլյանի ստեղծած զինված հանցախմբի անդամներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG