Մատչելիության հղումներ

Կտրուկ աճել է սուր շնչական վարակով հիվանդ մանկահասակ երեխաների թիվը


Երևանի հիվանդանոցները լեփ-լեցուն են սուր շնչական վարակով հիվանդ մանկահասակ երեխաներով:

Առողջապահության նախարարության Վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանից տեղեկացանք, որ այս պահին 650 հիվանդ է բուժում ստանում ստացիոնար պայմաններում․ - «Որից գրեթե 96 տոկոսը բաժին է ընկնում 0-4 տարեկան երեխաներին: Իսկ այս համատեքստում առավել մեծամասնություն կազմում են 0-2 տարեկանները: Սա ինչո՞վ է բացատրվում: Նախ, ունենք բոլոր նպաստավոր պայմանները: Ունեցանք ակտիվ շփումներ, որտեղ նաև բացառված չէ, որ վիրուսակիր անձինք կային: Որովհետև սեզոնը արդեն նպաստում է, որպեսզի վիրուսը շրջանառվի: Իսկ այսօր լաբորատոր հետազոտությունների տվյալներով, շրջանառվում է վիրուսների փունջ»:

«Ազատության» հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանն ասաց, որ օրական 100 հիվանդ են ընդունում, որոնցից առնվազն 20-ին հոսպիտալացնում են:

Վարակակիրների զգալի մասը, ըստ բժիշկ Չոբանյանի, մի քանի ամսականից մինչև երկու տարեկան երեխաներն են: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Բուժող բժիշկներից տեղեկացանք, որ երեխաներին ընդունում են բարձր ջերմությամբ, հևոցներով, երբեմն ցնցումներով:

Հիվանդանոցում ծնողներից շատերը «Ազատության» հետ զրույցում պատմում էին, որ երեխաների թեթև մրսածությունը երկար է տևել, հետո միանգամից վիճակը վատթարացել է:

«Դեկտեմբերի 30-ից երեխաներս վատացան, գրիպ էր, հազ էր: Հետո քիչ-քիչ աղջկաս մոտ խորացավ, թոքաբորբ էր սկսվում, տղայինս էլ բրոնխներն էր», - պատմեց նրանցից մեկը:

Բժշկուհի Մադլեն Շամլյանը շտապեց հանգտսցանել, որ սուր շնչառական վարակը կապ չունի որևէ գրիպի հետ․ - «Գրիպ A չի, H1N1․․․ էդ վիրուսները չեն, որ վտանգավոր են: Ամեն տարվա նման, մի պահ մի քիչ ակտիվանում է այս հիվանդությունը»:

Լուրեր են տարածվել, որ հիվանդանոցներում այլևս տեղ չկա հիվանդներ ընդունելու համար: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Չոբանյանի փոխանցմամբ՝ չնայած հիվանդանոցը, իրոք, գերծանրաբեռնված է, իրենք բոլոր հիվանդաներին ընդունում են․ - «Քանի որ իրենք արագ դուրս չեն գրվում, ասենք, մի ամսական երեխային չես կարող երկու օր հետո դուրս գրել, ոնց որ 4-5 տարեկան երեխային: Իրենք մնում են հիվանդանոցում մի քանի օր, և օրական ընդունում ենք նույն տարիքի երեխաներ, դրա համար էդպես է ստացվում»:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հիվանդանոցում 135 հիվանդ կա, հիմնական մասը՝ մինչև մեկ տարեկան փորքիկներ: Բավեյանի խոսքով՝ այստեղ էլ օրական 80-100 հիվանդ են ընդունում, ծանր դեպքեր չունեն, սակայն մեծ է թոքաբորբով հիվանդների թիվը:

«Արաբկիր» բժշկական համալիրից օրվա ընթացքում չհաջողվեց տվյալներ ճշտել: Ընդունարանից տարբեր ներքին համարներ փոխանցեցին, որոնց չէին պատասխանում:

Առողջապահության նախարարության Վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնից պնդում են, որ հանրապետությունում համաճարակ չկա, ուղղակի շնչառական հիվանդությունների սեզոնային ավելացում է նկատվել:

Բաժնի պետ Լիանա Թորոսյանը հորդորում է ծնողներին ավելորդ խուճապ չմատնվել, ամեն վայրկյան հիվանոց չվազել՝ շրջանցելով պոլիկնինիկաները․ - «Մի մոռացեք, որ այնտեղ արդեն կարող են լինել վիրուսով երեխաներ: Եվ ձեր երեխան, ունենալով թեթև ախտանշաններ, կարող է, լինելով խոցելի խմբի ներկայացուցիչ, վերցնել այդ վիրուսը: Եվ դուք ձեր երեխայի վիճակը դրանով կարող եք ավելի վատացնել»:

Վարակի շղթան փակելու համար բժիշկները ևս մեկ անգամ հիշեցնում են՝ թույլ ինքնազգացողությամբ երեխաներին մանկապարտեզ, դպրոց և այլ մարդաշատ վայրեր չտանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG