Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Իտալիայի արտգործնախարարը կայցելի Ուկրաինա և Ռուսաստան


Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանո, արխիվ
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանո, արխիվ

ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն ասել է, թե մոտ ապագայում այցելելու է Ուկրաինա և Ռուսաստան՝ ակտիվացնելու Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտությունը լուծելու ջանքերը։

Նա այդ մասին ասել է հունվարի 11-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում։

«Մեր հիմնական քննությունը ուկրաինական ճգնաժամի լուծումը գտնելն է», - ասել է նա՝ հավելելով, որ հունվարի 30-ից փետրվարի 1-ը այցելելու է Ուկրաինա և Ռուսաստան։

2014 թվականի ապրիլից Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում բռնկված հակամարտության արդյունքում մոտավորապես 10 հազար 300 մարդ է զոհվել։

Միջազգային միջնորդների՝ Գերմանիայի Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերվեցին Մինսկի համաձայնությունները, հայտարարվեցին հրադադարներ, սակայն, ըստ էության, դրանք ձախողվեցին։

Անցած դեկտեմբերին և՛ս՝ Ամանորին ընդառաջ, հայտարարվել էր հրադադարի մասին, սակայն հունվարի 11-ին ուկրաինական կողմը հայտնեց, որ երկրի արևելքում տեղի ունեցած բախումների հետևանքով ուկրաինական բանակի երեք զինվոր է սպանվել, ևս չորսը՝ վիրավորվել։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ռուսամետ անջատականները հրադադարը խախտել են յոթ անգամ՝ օգտագործելով նաև ականանետեր։

Ռուսամետ անջատականներն, իրենց հերթին ասում են, որ ուկրաինական կողմի կրակոցներից քաղաքացիական երկու անձ է վիրավորվել։

Իտալիայի արտգործնախարարը՝ Վիեննայում ներկայացնելով ԵԱՀԿ-ի նախագահողի իր օրակարգը, կողմերին կոչ է արել ամբողջովին իրականացնել Մինսկի համաձայնությունները՝ հավելելով, թե վերջին փոխադարձ սադրանքները ռիսկի տակ են դնում վստահության ամրապնդումը։

Անջելինո Ալֆանոն ասել է, որ վերջերս Կիևի և ռուսամետ անջատականների կատարած գերիների փոխանակումը դրական քիչ նշաններից մեկն էր, բայց անհրաժեշտ է շատ ավելին անել, մասնավորապես՝ հումանիտար ուղղությամբ։

ԵԱՀԿ-ն դիտարկում էր գերիների երկար սպասված փոխանակումը, ինչը հարյուրավոր մարդկանց տուն վերադառնալու հնարավորություն տվեց։

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության հարյուրավոր անզեն դիտորդներ գտնվում են հակամարտ գոտում։ Անցած սեպտեմբերից քննարկվում է Ուկրաինայի արևելքում խաղաղապահներ տեղակայելու հարցը, սակայն Կիևին մտահոգում է խաղաղապահներին հակամարտ գծում տեղակայելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունը՝ գտնելով, որ դա կամրապնդի արևելյան շրջաններում Ռուսաստանի վերահսկողությունը և ոչինչ չի կանգնեցնի Ռուսաստանին գրոհայիններ և զենք ուղարկել Ուկրաինայի արևելյան Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե խաղաղապահների հարցով բաց է քննարկելու իր նախկին առաջարկները, սակայն մինչև հիմա որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG