Մատչելիության հղումներ

Մոլդովան արգելում է ռուսական հեռուստաընկերությունների քարոզչական հաղորդումների վերահեռարձակումը


Մոլդովայի հեռուստառադիո ոլորտի օրենսդրությունում կատարված փոփոխությունը արգելում է Մոլդովայում ռուսական հեռուստաընկերությունների լրատվական, քաղաքական, վերլուծական և զինվորական բնույթի հաղորդումների վերահեռարձակումը: Խորհրդարանի հողորդագրությունում նշված է, որ օրենքի նպատակը դրսի ապատեղեկատվության և մանիպուլյացիաների հնարավոր փորձերից երկիրը պաշտպանելն է:

Օրեքը պետք է ստորագրեր Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը, բայց նա երկու անգամ հրաժարվել էր ստորագրել անցած տարվա դեկտեմբերին խորհրդարանում ընդունված օրենքը՝ այն հետ ուղարկելով խորհրդարան: Սակայն ըստ Մոլդովայի օրենսդրության՝ նախագահը իրավունք ունի օրինագիծը հետ ուղարկել միայն մեկ անգամ, խորհրդարանում տվյալ օրենքը երկրորդ անգամ ընդունվելուց հետո նախագահը պարտավոր է ստորագրել այն, իսկ եթե կրկին հրաժարվում է, ապա Սահմանադրական դատարանը նրա այդ լիազորությունը կարող է փոխանցել խորհրդարանի նախագահին:

Սահմանադրական դատարանը հունվարի 5-ին արտոնել էր խորհրդարանի նախագահին ստորագրել այդ օրենքը, քանի որ նախագահը հրաժարվել է կատարել սահմանադրական իր պարտականությունը: Օրենքը հունվարի 10-ին ստորագրել է խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն:

Ռուսական քարոզչությունը արգելելու հարցին զուգահեռ Մոլդովայում առաջացել են ևս մի շարք խնդիրներ և 2018-ը երկրում սկսվում է քաղաքական նոր ճգնաժամի նախանշաններով:: Հիմնական պատճառը արևմտամետ քաղաքական իշխող ուժի և ռուսամետ նախագահի միջև առկա տարաձայնություններն են:

Երկրի վարչապետն ու խորհրդարանի նախագահը իշխող եվրոպամետ Դեմոկրատական կուսակցության անդամ են: Ռուսամետ Դոդոնը նաև հրաժարվել էր հաստատել վարչապետ Պավել Ֆիլիպի ներկայացրած նախարարների թեկնածուներին, պատճառաբանելով, որ թեկնածուները կոմպետենտ չեն, մի քանիսն էլ կոռումպացված են: Հունվարի 2-ին դատարանը նույն բնույթի որոշում էր ընդունել՝ նախարարների նշանակումը ևս արտոնելով խորհրդարանի նախագահին: Երեկ խորհրդարանի նախագահը նաև ստորագրել է կառավարության կազմում յոթ նախարարի փոփոխության որոշումը: Իգոր Դոդոնը նույն օրը հայտարարել է, որ նշանակված նախարարները լեգիտիմ չեն: Նրա խոսքերով, սահմանադրական դատարանը վարչապետի կառավարությանը օգնել է խախտելու ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները: Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությունը, որը նախկինում գլխավորում էր Դոդոնը, բողոքի ցույցերի կոչ է արել:

Իգոր Դոդոնը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ֊ «Նախագահի ինստիտուտը իրեն իրավունք է վերապահում դիմել հարյուր հազարավոր քաղաքացիների մոբիլիզացնելու կոչով՝ վերջ տալու համար սահմանադրական խախտումներն ու անօրինականությանը: Աղոթեք, որպեսզի այդ հարվածը ստանաք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այլ ոչ թե դրանից առաջ»:

Մոսկվան իր հերթին շարունակում է Մոլոդովայի արևմտամետ իշխող քաղաքական ուժի նախագահի դեմ քրեական հետապնդումը:

Հունվարի 10-ին Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադ Պլախոտնյուկի դեմ հարուցված մեղադրանքները: Անցած տարվա նոյեմբերին Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը հեռակա կարգով նրան մեղադրել էր սպանության փորձի մեջ, ձերբակալության սանկցիա տվել և հետախուզում հայտարարել: Ռուսաստանի իրավապահները պնդում են, որ նա է կանգնած 2012-ին նախկին բանկիր Գերման Գորբունցովի դեմ Լոնդոնում իրականացված մահափորձի հետևում: Ռուսաստանի և Մոլդովայի նախկին բանկիր Գորբունցովի վրա ինքնաձիգից կրակել էին, բայց նա ողջ էր մնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG