Մատչելիության հղումներ

Բավրայի մաքսակետի հարակից տարածքում ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող ընկերությունների մոտ 20 գործակալներ գործազուրկ են դարձել այն բանից հետո, երբ 4 ամիս առաջ մաքսակետի նորակառույց շենքում ապահովագրական գործունեություն է ծավալել «Թոփ Սփին» ընկերությունը, որը «Նաիրի Ինշուրընս»-ի գործակալն է։

Այս մասին նշում են մյուս ապահովագրական ընկերությունների աշխատակիցները՝ պնդելով, որ իրենց հետ կողք-կողքի աշխատող գրասենյակներից մեկը Հայաստան մտնող ավտոմեքենաներին ապահովագրելու ավելի մեծ հնարավորություն է ստացել և մրցակցությունից դուրս թողել մյուսներին։

«Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալ Արմեն Ասլանյանն «Ազատությանն» ասաց, որ իրենց եկամուտներն առնվազն 10 անգամ նվազել են, այժմ օրական 300-500 դրամ աշխատելու հնարավորություն ունեն։

ԱՊՊԱ գործակալը պնդում է՝ մաքսատան ներսում ապահովագրական ընկերության գրասենյակ բացելուց հետո հաճախորդներից քչերն են մաքսատնից գրեթե կես կիլոմետր հեռանում ու իրենց դիմում․ - «Կլենտներից շատերը չգիտեն էլ, որ ստեղ գան: Նոր մաքսատուն է, հարցնում են՝ որտեղ գնանք, իրենք էլ ցույց են տալիս ներսինը: Հետո շատ մարդիկ եկել, բողոքել են, որ իրենց ստիպում են: Շատերը վախենում են»:

Նախկին եկամուտներից զրկված ևս մեկ ԱՊՊԱ գործակալ, «Սիլ Ինշուրընս» ընկերության ներկայացուցիչ Ռազմիկ Թովմասյանն էլ նշում է, որ 4 ամիս առաջ անհավասար պայմաններում հայտնվելուց հետո բողոքել են, անգամ աղմուկ բարձրացրել, բայց իրավիճակն իրենց օգտին չի փոխվել։

Անգործ մնալու մտավախություն ունեցող ԱՊՊԱ գործակալներն ասում են, թե անցած տարեվերջին նաև փորձել են իրենց ապահովագրական գրասենյակ հանդիսացող տնակները գոնե մոտեցնել մաքսակետին, սակայն դա էլ են արգելել՝ պատճառաբանելով, թե «ԿԳԲ-ի տարածք է, իրավունք չունեք»:

Սակայն նույն այդ անվտանգության գոտում անարգել արդեն չորս ամիս բիզնես գործունեություն է ծավալում «Թոփ Սփին» ընկերությունը։

Նույն իրավիճակն այս տարեսկզբից ստեղծվել է Բագրատաշենի մաքսակետում։ Այնտեղ ևս Բագրատաշենի ապահովագրողներին անհայտ աճուրդի միջոցով առավելություն և մաքսատան տարածքում աշխատելու հնարավորություն է ստացել նույն «Թոփ Սփինը»:

Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գործող ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն օրերս բողոքի ակցիաներ արեցին, ճանապարհ փակեցին՝ դժգոհելով ստեղծված անհավասար պայմաններից։ Ցուցարարները նշում էին, որ անցած տարվա ընթացքում, անցակետի հարևանությամբ նոր շենքի կառուցումից հետո կասկածներ ունեին, թե 11 քառակուսի մետր տարածք ունեցող կառույցը հենց ԱՊՊԱ գործունեության համար է նախատեսված եղել։

Գործակալներից մեկը «Ազատությանն» ասել էր․ - «ՊԵԿ-ը պատասխանել ա, որ աճուրդ չի լինելու: Որ լինի, դուք տեղյակ կլինեք։ Բայց այսօր աճուրդից ոչ մեկ տեղյակ չի եղել»:

Մինչդեռ «Ազատության» հարցմանն ի պատասխան, Պետական գույքի կառավարման վարչությունից տեղեկացրել են, որ անցած տարվա դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել վարձակալության աճուրդ, մասնակցել է միայն «Թոփ Սփին» ընկերությունը և վարձակալության մեկնարկային գնով՝ ամսական 25 հազար դրամով հաղթել աճուրդում։ Ցուցարարները չեն հավատում կայացած աճուրդի օրինականությանը։

«Ազատությանն» ուղարկված պատասխանում ասված է, որ աճուրդը կայացել է Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած առաջարկության հիման վրա, սակայն թե ինչպես է մաքսատան վերադաս մարմին հանդիսացող ՊԵԿ-ը հիմնավորել իր առաջարկը, ինչու է հանկարծ որոշել իր ենթակայության պետական տարածքը տրամադրել բիզնես գործունեության համար, չմեկնաբանեցին ո՛չ Պետեկամուտների կոմիտեից և ո՛չ էլ պետական գույքի կառավարման վարչությունից։

ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից ասացին, որ իրենց ենթակայության տարածքի աճուրդի կազմակերպման հարցում որևէ պատասխանատվություն չեն կրում։

Մինչդեռ ՊԵԿ-ի ներկայացուցիչները երեկ Բագրատաշենի մաքսակետում հանդիպել են իրավիճակից դժգոհ ԱՊՊԱ գործակալների հետ, առաջարկել «Թոփ Սփին» ընկերությանը 10 տարի ժամկետով վարձակալության տված 11 քառակուսի մետր տարածքում համատեղ աշխատել։ Հանդիպման մասնակիցներն ասացին, դեռ աշխատանքի մեխանիզմների մասին կոնկրետ առաջարկներ չեն ստացել և քննարկումների մեջ են։

Նշենք, որ ընդամենը 20 օր առաջ տեղի ունեցած հրապարակային աճուրդի մասին Պետական գույքի կառավարման վարչության կայքում որևէ հրապարակային տեղեկություն չկա։ Մրցակցությունից դուրս հայտնված ԱՊՊԱ գործակալները կասկածներ ունեն, թե տեղի ունեցածը «Թոփ Սփին»-ի հետ անօրինական գործարք է եղել։

Բավրայում անհավասար պայմաններում հայտնվածները հայտարարում են, որ պատրաստ են միանալ Բագրատաշենի գործակալների բողոքներին։

XS
SM
MD
LG