Մատչելիության հղումներ

Չեխիան նախագահ է ընտրում


Նախագահ Միլոշ Զեմանի նախընտրական պաստառը, Պրահա, 11-ը հունվարի, 2018թ.
Նախագահ Միլոշ Զեմանի նախընտրական պաստառը, Պրահա, 11-ը հունվարի, 2018թ.

«Ազատ Եվրոպա /Ազատություն» ռադիոկայանը հյուրընկալած Չեխիայում այսօր մեկնարկում են նախագահական ընտրությունները:

Չեխիայում նախագահն ունի հիմնականում ներկայացուցչական-արարողակարգային լիազորություններ, թեպետ նրա դերն էապես կարևոր է դառնում քաղաքական ճգնաժամերի շրջանում:

Չեխիայում գործում է խորհրդարանական-վարչապետական համակարգ, որտեղ գործադիր իշխանության կարևոր լծակները վերապահվում են վարչապետին:

Այս նախագահական ընտրություններում առաջադրվել է 9-ը թեկնածու, առաջատարներն են գործող նախագահ, վետերան քաղաքական գործիչ Միլոշ Զեմանն, ով ժամանակին նաև վարչապետի պաշտոնն է զբաղեցրել, և ընդդիմադիր գործիչ, գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Իրժի Դրագոշը:

Հարցախույզի արդյունքները վկայում են Զեմանի որոշակի առավելության մասին, այս տարվա հունվարի 7-ի դրությամբ նրա վարկանիշը 47.5 կես տոկոս էր, իսկ մրցակցինը՝ 44.9:

Վերլուծաբանների փոխանցմամբ, 73-ամյա Զեմանը բավական ջերմ վերաբերմունք ունի Մոսկվայի նկատմամբ, հայտարարում է, որ Չեխիան պետք է առավել սերտ կապեր հաստատի Ռուսաստանի և Չինաստանի հետ, խստորեն քննադատում է փախստականների հարցում Եվրամիության դիրքորոշումը:

«Փախստականները ժամանում են Եվրոպա, ասում են, թե չունեն փաստաթղթեր և անձնագրեր, սակայն, գրեթե բոլորն ունեն «Այֆոն»-ներ և ցանկանում են ապաստան ստանալ միայն բարեկեցիկ եվրոպական պետություններում», - ամիսներ առաջ հայտարարել է Զեմանը:

68-ամյա քիմիկոս Դրագոշը Կրեմլի քաղաքականության հստակ ընդդիմախոսն է: «Ես ցանկանում եմ այլ տեսակի նախագահություն հաստատել, ոչ թե պիտակներ փակցնել, այլ միավորել մարդկանց, համագործակցել նրանց հետ, ես դաշնակիցներ եմ ուզում ոչ թե Չինաստանում, այլ՝ ՆԱՏՕ-ում և Եվրոպական միությունում», - ասել է Դրագոշը:

Զեմանը 2013 թվականին է ընտրվել նախագահ, ընդ որում, այդ տարի տեղի են ունեցել առաջին համաժողովրդական ուղիղ ընտրությունները, մինչ այդ նախագահին խորհրդարանն է ընտրել:

2015 և 2017 թվականներին նա այցելել է Ռուսաստան և հանդիպել Վլադիմիր Պուտինին: Իր ելույթներում նա մի քանի անգամ նկատել է տվել, որ Արևմուտքը պետք է վաղ թե ուշ չեղարկի Մոսկվայի նկատմամբ Ուկրաինայի հարցով սահմանված պատժամիջոցները:

Դրագոշն ասել է, որ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար և պետք է պահպանվեն:

Այսօրվա ընտրությունները երկու օր են տևելու, սա առաջին փուլն է, եթե միանշանակ հաղթող չլինի՝ երկու շաբաթ անց տեղի կունենա երկրորդ փուլը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG