Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարը չգիտի, թե «Ռոբսոնը» Նալբանդյանին ինչ խորհուրդներ է տվել, այդ ժամանակ «կողքին չի եղել»


Շավարշ Քոչարյան, արխիվ

Արտաքին գործերի փոխնախարարն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ «հունվարի կեսերին» սպասվում է արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տեղյակ չէ՝ ի՞նչ խորհուրդներ է տվել Հայաստանի արտգործնախարարին «Ռոբսոն» մականունով հայտնի սոչիաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդականի պաշտոնում: Փոխարտգործնախարարն իր անտեղյակությունը բացատրեց հանգամանքով, որ խորհուրդներ տալու ժամանակ «Էդվարդ Նալբանդյանի կողքին չի եղել»:

Հիշեցնենք՝ օրենքով գողերին ֆինանսավորելու համար ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուբեն Թաթուլյանը վերջերս տված մի հարցազրույցում հայտարարել էր, թե հանդիսանում է Հայաստանի արտգործնախարարի խորհրդականը: Այդ աղմկահարույց հայտարարությունից հետո, «Ազատության» հարցմանն ի պատասխան, Հայաստանի ԱԳՆ-ից արձագանքեցին՝ Ռուբեն Թաթուլյանը եղել է նախարար Էդվարդ Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը, բայց «այժմ այդ կարգավիճակը չունի»:

«Նախ տեղեկացեմ, որ ինքը [Ռուբեն Թաթուլյանը] այժմ խորհրդական չէ: Եղել է արտահաստիքային խորհրդական: Նա [հարցազրույցում] հայտնել է իր տեսակետը, որն ամենևին ԱԳՆ-ի տեսակետը չի»,- ասաց Քոչարյանն ու հավելեց՝ «Ռոբսոնի» տված խորհուրդների մասին տեղյակ չէ, քանի որ «այդ ժամանակ կողքին չի եղել»: Հարցին՝ ինչպե՞ս է քրեական աշխարհի հետ կապեր ունեցող մարդուն վստահվել ՀՀ արտգործնախարարի խորհրդականի պաշտոնը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ «Նախ մարդկանց պետք է բազմակողմանի դիտարկել, քննարկել: Ինքը նաև դրական դեր է կատարում: Դա էլ է պետք հաշվի առնել: Ի վերջո՝ Սոչիում մենք ունենք հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաև համայնքի հետ կապված»: Քոչարյանը նաև չբացառեց, որ Թաթուլյանին տրված հայկական դիվանագիտական անձնագիրը դեռևս ուժի մեջ է:

Արտաքին գործերի փոխնախարարն այսօր լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ «հունվարի կեսերին» սպասվում է արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Փոխարտգործնախարարի խոսքով՝ «անզեն աչքով էլ երևում է», որ ղարաբաղյան բանակցությունների այս փուլում առաջընթացն անհնարին է, քանի որ կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այդուհանդերձ, Քոչարյանն «օգտակար» է համարում կողմերի ներկայացուցիչների հանդիպումները, քանի որ դրանք նվազեցնում են շփման գծում առկա լարվածությունը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, փոխարտգործնախարարն ասաց, որ մինչև նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտը Սարգսյան-Ալիև հանդիպման հարց «այսօր դեռևս չի քննարկվում», որովհետև «նման հանդիպումները կախած են արտգործնախարարների հանդիպումներից»: Նրա խոսքով՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպման «կոնկրետ օրվա և վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ վերջին անգամ հանդիպում էր ունեցել անցած տարվա դեկտեմբերի 6-ին Վիեննայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG