Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» աջակիցները փակել էին Արշակունյաց պողոտան


Ոստիկանության գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» աջակիցներն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները այսօր ի նշան բողոքի փակեցին Արշակունյաց պողոտան՝ պահանջելով Արմավիրի բանտ տեղափոխել հացադուլի մեջ գտնվող զինված խմբի երկու անդամներին: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը գտնվում է հենց Արշակունյաց պողոտայի վրա:

Ցուցարարները «Հաց բերողի մահը չմարսած, նոր զոհե՞ր եք ուզում», «Կառափնարա՞ն, թե՞՝ դատարան», «Արթուրին սպանեցիք, հերթը ծռերի՞նն է» գրությամբ պաստառներ էին պարզել, որոնք էլ փակցրեցին վարչության մուտքին։ Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից բողոքի ծայրահեղ այս քայլով պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաններ ունեցող Արմավիրի բանտ։ Փողոցը փակ մնաց 15-20 րոպե, հետո ոստիկանները, ցուցարարներին հրելով, բացեցին այն:

Մինչ այս, քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ հանդիպել էր «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։ Հանդիպումից հետո նա ասաց, որ իրեն թույլ չտվեցին հանդիպել վարչութան պետ Արթուր Օսիկյանին։

«Ես գիտեմ՝ գնում ենք Օսիկյանի մոտ․․․ տանում են տեղակալի մոտ, սկսումա լոլոներ կարդալ, թե ոչ մի խնդիր չկա: Ասում եմ՝ ես Օսիկյանի հետ հանդիպում եմ պահանջում, դուք ինչո՞ւ եք ինձ այստեղ բերել: Գնաց, հետ եկավ՝ չէ, ինքը խնդիր չի տեսնում հանդիպման», - պատմեց Ռուբինյանը:

Մինչ այս բողոքի ակցիան՝ լարված իրավիճակում անցավ զինված խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Նիստի սկզբում դատավոր Մեսրոպ Մակյանը ընթերցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարության նամակը՝ հասցեագրված դատարանին։ Նամակում նշվում է, որ դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանին Արմավիր քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու կարիք չկա։ - «Զննությամբ և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ Բիլյանի մոտ ախտորոշվել է հարմարվողականության խանգարում, որի կապակցությամբ նշանակվել է դեղորայքային բուժում «Նովոպասիտ» դեղամիջոցով», - կարդաց դատավորը: - «Լրացուցիչ հետազոտությունների կարիք չի առաջացել, վերջինս գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում առկա են բժշկական օգնության և հետազոտությունների միևնույն պայմաններ, ուստի կալանավորված անձ Արմեն Բիլյանին բուժօգնության նպատակով տեղափոխելու անհրաժեշտություն չկա»:

Դատավորին ուղղված նամակը հարուցեց դահլիճում ներկաների զայրույթը։ Վարչության պետի մեկ այլ տեղակալի՝ իրեն ուղղված նամակն ընթերցեց Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: - «Ինչ վերաբերում է Արմեն Բիլյանին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու հարցին, հայտնում ենք, որ վերջինս գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, ուստի տեղափոխության հարցը հնարավոր է միայն վարույթն իրականացնող մարմնի համաձայնությունը ստանալուց հետո: Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ներկայումս իրականացվում է կենտրոնական ջեռուցում, որի շնորհիվ բոլոր խցերում պահպանվում է բնակության համար անհրաժեշտ սենյակային ջերմաստիճան», ֊ նամակն ընթերցեց պաշտպանը և հայտարարեց, որ երկու նամակները հակասում են միմյանց։

Իր հերթին Արմեն Բիլյանը հայտարարեց՝ հացադուլը չի դադարեցնի․ - «Չգիտեմ ով ինչ տեղեկանք կտա, ոնց կտա, էս ամեն ինչը չգիտեմ ինչի համարա, ես դուրս չեմ գալու հացադուլից: Իմ մա՞հն եք ուզում՝ կստանաք»:

Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ։ Դատավորը շտապօգնություն կանչեց, նիստն ընդմիջվեց մի քանի ժամով։

Զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը առաջին անգամ, թերևս, ոտքի կանգնած դիմեց դատարանին։ Կրկին պնդեց, որ իրենք ապստամբություն են արել։ - «Ես հուսով եմ, որ վերջապես լինելու է մի արդար դատավոր, որը պատմության մեջ կերտելու է այն ազնվագույն բառը և յոթ իմաստունների դասին կդասվի, որի համար հոտնկայս ես հիմա կանգնում եմ՝ ժողովրդիս առաջ և Ձեր առաջ, որ իմ արյունով շաղախված Մարտական խաչը կհանձնեմ նրան: Ես վստահ եմ, որ Դուք կարող եք անել: Եթե ոչ Դուք, ուրեմն մեկ անգամ ևս դատապարտելու եք գալիք դատավորներին, գալիք սերնդին», - հայտարարեց Մանուկյանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պնդեց՝ հացադուլի մեջ գտնվողների կյանքին վտանգ է սպառնում․ - «Ես գտնում եմ, որ Քրեակատարողական վարչությունը միտումնավոր հարցին լուծում չի տալիս մաքսիմալ մեր պաշտպանյալներին խոշտանգելու նպատակով»:

Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ։ Դատավորը շտապօգնություն կանչեց, նիստն ընդմիջվեց մի քանի ժամով։

Ընդմիջումից հետո դատավորը մերժեց Բիլյանի պաշտպանի առաջարկը՝ նրան տեղափոխել Արմավիրի բանտ։ Սա հարուցեց մեղադրյալների զայրույթը։ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ լքում են նիստերի դահլիճը և հրաժարվում պաշտպաններից, քանի դեռ չի կատարվել հացադուլի մեջ գտնվող ընկերների պահանջը․ - «Այս պահից ինչքան որ մենք կբացակայենք նիստերից, այդ ընթացքում հրաժարվում ենք մեր պաշտպաններից»:

«Սասնա ծռեր» զինված խումբը, 2016-ի հուլիսի 17-ին գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31 հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են հացադուլ հայտարարած Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG