Մատչելիության հղումներ

2017-ի 9 ամիսների տվյալներով՝ Հայաստանից Վրաստան է այցելել 1 միլիոն 718 հազար 16 զբոսաշրջիկ


Վրաստան - Տեսարան Բաթումիից

Վրաստանն ու Ադրբեջանն ամփոփել են անցյալ տարվա զբոսաշրջության արդյունքները։

2017 թվականի 9 ամիսների տվյալներով՝ ամենաշատ զբոսաշրջիկներ Վրաստան են այցելել Հայաստանից՝ 1 միլիոն 718 հազար 16 մարդ։

Վրաստանի զբոսաշրջության ոլորտում հայերն առաջ են անցել Ադրբեջանից։ Նախկինում ամենաշատ զբոսաշրջիկներ Վրաստանն ընդունում էր Ադրբեջանից, բայց հիմա Ադրբեջանն արդեն երկրորդ տեղում է, երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 1 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ՝ երկիր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի Վրաստանը, և քիչ ավելի պակաս զբոսաշրջիկներ Վրաստան են այցելել Թուրքիայից։ Այս տվյալները ներկայացրել է Վրաստանի ազգային տուրիզմի վարչակազմի ղեկավար Գիորգի Չոգովաձեն։

Ընդհանուր առմամբ, 2017-ին Վրաստան են այցելել 7 միլիոն 500 հազարից ավելի զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համեմատ դա 18 տոկոսով ավելին է։

2017-ի 9 ամիսներին զբոսաշրջությունից Վրաստանը ստացել է 2 միլիարդ 200 միլիոն դոլարի եկամուտ։ Սա 2016-ի համեմատ մոտավորապես 30 տոկոսով ավելին է։

Ադրբեջան այցելած զբոսաշրջիկների քանակն անցյալ տարի ավելացել է 20 տոկոսով, սակայն փաստացի թվերով այն եռակի զիջում է Վրաստանին։

2017-ին Ադրբեջան է այցելել մոտավորապես 2 միլիոն 500 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ Տուրիզմից ստացված եկամուտներն Ադրբեջանում կազմել են շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դոլար։

Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության կայքում հրապարակված ցանկում նշված է, որ 2017-ի առաջին ութ ամիսներին՝ հունվարից օգոստոսը ներառյալ, Հայաստանից Ադրբեջան է այցելել 3 մարդ։ 2016-ի տվյալներով՝ ամբողջ տարվա ընթացքում 4 մարդ է այցելել, իսկ ամենաշատը՝ 61 մարդ, Հայաստանից Ադրբեջան է այցելել 2015 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG