Անհավասար մրցակցությունից դժգոհ մոտ 60 ԱՊՊԱ գործակալներ այսօր փակել էին Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը։ Ցուցարարները պահանջում էին առաջիկա երկու օրերին փակել արտոնյալ պայմաններում հայտնված ապահովագրական ընկերության` «Թոփ֊Սփինի», անցակետի ներսում տեղակայված գրասենյակը, մինչ կստանան վարչապետին և պետեկամուտների կոմիտեի նախագահին ուղղված իրենց բողոք-դիմումների պատասխանը։
Ճանապարհը մոտ 30 րոպե փակելուց հետո բացվեց միայն Ոստիկանության Նոյեմբերյանի ոստիկանապետի միջամտությունից հետո։
Հայ-վրացական սահմանին կից, կողք-կողքի գործող 6 ապահովագրական ընկերություններից մեկը՝ «Նաիրի Ինշուրընսն» այս տարվա սկզբից փակվել է, գրասենյակն իր աշխատակիցներով տեղափոխվել է մաքսատան տարածք և ստացել Հայաստան մուտք գործող ավտոմեքենաներն ապահովագրելու ամենամեծ հնարավորությունը։ Մաքսակետից մոտ 300-500 մետր հեռավորության վրա տեղակայված մյուս գրասենյակների աշխատակիցները պնդում են, թե մաքսակետի աշխատակիցներն անգամ վարորդներին ուղղորդում են հենց այդ նորաբաց գրասենյակում ապահովագրելու իրենց մեքենաները։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նախկինում բոլոր ընկերությունները հավասար պայմաններով տարածք են վարձակալել մաքսակետի տարածքում, սակայն 2007 թվականին կառավարությունը համարել է, որ ապահովագրական ծառայությունը կոմերցիոն գործունեություն է և հանվել է մաքսային տարածքից։ Ավելին՝ անցած տարվա նոյեմբերին անցակետից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող գրասենյակներն ավելի հեռացնելու պահանջ են դրել։ Ապահովագրողները դրան էլ են համաձայնել և բոլոր 6 ընկերությունները իրենց 14 գրասենյակները 300-500 մետր հեռացրել են՝ շարունակելով իրենց գործունեությունը՝ վարձակալության հիմունքներով։ Սակայն ընդամենը երկու ամիս անց փոխվել է իրավիճակը 5 ընկերությունների համար։ Ապահովագրողները նշում են, որ օրական մոտ 10 հազար դրամի ապահովագրություն իրականացնելու հնարավորություն են ունեցել, իսկ այսօր անգամ 1000 դրամի չեն կարողանում հասցնել իրենց օրվա եկամուտը։
Մաքսակետի տարածքում գործունեություն ծավալելու իրավունք ստացած ընկերությունը իր գովազդային ցուցանակում որևէ անուն չի նշել, բայց բողոքող գործակալները նշում են, որ տեսել են գրասենյակի փաստաթղթերը, որոնց համաձայն «Թոփ-Սփին» ընկերությունն է ստացել այս արտոնյալ հնարավորությունը։ Գրասենյակի որևէ ներկայացուցիչ այսօր չցանկացավ պատասխանել մեր հարցերին, ավելին, ապահովագրվող ավտոմեքենաների վարորդները ևս չէին պատասխանում հարցին, թե ավտոմեքենաների ապահովագրությունը, ո՞ր ապահովագրական ընկերությունն է իրականացնում:
«Մենք լսել ենք, որ էս ՍՊԸ֊ի նախագահը «Նաիրի» գործակալի մասնաճյուղի տնօրեն է, ու ինքը ՊԵԿ նախագահի մոտիկ ընկերն է», ֊ պնդում էին ցուցարարները: ֊ «Սա նվիրատվություն է եղել: Ինչ֊որ թաքուն աճուրդ են արել, ինչ֊որ մեկին դա նվեր են տվել: 25,000 դրամով աճուրդ են կայացրել, երբ որ մենք դուրսը տեղի վարձ տալիս ենք 100֊200,000 դրամ: Դուրս է գալիս, որ այս աճուրդը կայացել է ինչ֊որ մի ռեստորանում՝ գրել֊տվել է ՊԵԿ նախագահը, ասել է՝ դու շահել ես: Որովհետև ոչ մեկս տեղյակ չենք եղել այդ աճուրդից, ոչ մի թերթում չենք գտնում, զանգահարում ենք իրենց, ասում են՝ մեր կայքից ջնջվել է: Ինչպե՞ս կարող է նման բանը ջնջվել»:
Իրավիճակի վերաբերյալ արդեն երկու օր «Ազատությանը» չի հաջողվում նաև պատասխան ստանալ Պետեկամուտների կոմիտեից։ Վերադաս մարմիններին այսօր գրություններ է ուղարկել նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով ուսումնասիրել Բագրատաշենի մաքսակետում ապահովագրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից բարձրացված խնդիրն ու արդարացի լուծում տալ։