Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը


Գյումրիում ձմեռային առաջին զորակոչը կրկին անցկացվեց Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել հարազատները, ընկերները, նույնիսկ տան փոքրերը:

Խաղաղություն, անփորձանք ծառայություն․ սրանք էին հիմնական մաղթանքները երիտասարդներին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նաև նորակոչիկների սիրած աղջիկներին հորդորեց սպասել 2 տարի․ - «Մաղթում եմ հաջողություն, խաղաղություն, ծնողներին համբերություն, սիրած աղջիկներին՝ հավատարիմ սպասել, հետ կգան բոլորը»:

Այս զորակոչը նաև մի շարք փոփոխություններով է անցկացվում: Այն նորակոչիկները, ովքեր արտոնություն ունեին ծառայելու բնակության վայրից 50 կմ շառավիղով հեռավորության վրա, այս զորակոչից ի վեր այլևս զրկվում են այդ հնարավորությունից: Գյումրիի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ևս մեկ նորամուծություն առանձնացրեց․ - «Այս տարվա նորարարության մեջ մինչև բանակ գնալը իրանց ստանալու են հանրային ծառայության հաշվեհամար, որը պահվելու է իրանց մոտ, և իրանք տնօրինելու են իրենց գումարներին արդեն կոնկրետ այդ քարտերով: Ամեն մի զորամասում կան բանկոմատներ»:

Զինվորական կոմիսարը հայտարարեց, որ «Ես եմ» ծրագրից օգտվելու ցանկություն հայտնողներ կան՝ չնշելով, սակայն, որևէ հստակ թիվ: Գագիկ Խաչատրյանի խոսքով, նրանց առայժմ չեն զորակոչի, երիտասարդներին մինչև հունվարի 20 ժամանակ է տրվում ծրագրին միանալու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար:

Նշենք, որ Պաշտպանության նախարարության առաջարկած այս նոր ծրագրով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայելու ցանկություն հայտնած նորակոչիկները իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային-պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ: Ծառայության ավարտին զինվորի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա և ուսման վարձի փոխհատուցում:

Հարցին, թե արդյոք կան պարտադիր ծառայությունից խուսափողներ, Խաչատրյանն արձագանքեց․ - «Խուսափողներ դեռ չունենք: Կան, որ, ասենք, գտնվում են դրսում, չեն կարողացել․․․»

Նորակոչի Դավիթ Դավրիշյանը հույս ունի, որ 2 տարին արագ կանցնի․ - «Իմ հարազատները, հուսով եմ կհամբերեն ու կսպասեն ինձ: Շատ բարձր տրամադրությամբ եմ գնում: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»:

Ի դեպ, այս տարի նորակոչիկներին Գյումրիից հանրապետական հավաքակայան ոչ թե «դարն ապրած» ՊԱԶ ավտոբուսով տեղափոխեցին, այլ միկրոավտոբուսներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG