Մատչելիության հղումներ

2017-ին թուրքերի մեծամասնության վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ զգալիորեն բարելավվել է. հարցում


Չնայած Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունների ակնհայտ վատթարացմանը, 2017 թվականին թուրքերի մեծամասնության վերաբերմունքը եվրոպական ընտանիքի նկատմամբ զգալիորեն բարելավվել է:

Դա են վկայում Եվրամիության հետ հարաբերությունների հեռանկարներով զբաղվող թուրքական ամենաազդեցիկ ոչ-կառավարական կառույցներից մեկի` 1965 թվականին ստեղծված «Տնտեսական զարգացման հիմնադրամի» (IKV) պատվերով անցկացված վերջին հարցման արդյունքները:

Դրանց համաձայն, Թուրքիայի բնակչության գրեթե 79 տոկոսը միանշանակորեն կողմ է երկրի` Եվրամիությանն անդամակցելու գաղափարին:

«Ակնհայտ է, որ չնայած 2017 թվականին Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում բացասական զարգացումներ արձանագրվեցին, միևնույն է՝ եվրաինտեգրման աջակիցների թիվը Թուրքիայում գնալով աճում է», - Ստամբուլում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր «Տնտեսական զարգացման հիմնադրամի» խորհրդի նախագահ Այթան Զեյթինօղլուն:

Նրա խոսքով՝ եթե դատենք իր ղեկավարած հիմնադրամի անցկացրած սոցիոլոգիական հարցումներից, ապա պարզ է դառնում, որ Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը երկրում տարեցտարի աճում է:

«2015-ին Եվրամիությանն անդամակցության օգտին հանդես էր գալիս հարցված թուրքերի 61 տոկոսը, 2016-ին` 75 տոկոսը, իսկ 2017-ին արդեն այդ թիվը հասել է գրեթե 80 տոկոսի ցուցանիշին», - նշում են հարցման հեղինակները:

«Տնտեսական զարգացման հիմնադրամի» ղեկավարի խոսքով՝ այս արդյունքները հստակ ուղերձ են թե՛ Էրդողանի վարչակազմին, թե՛ Եվրամիության ղեկավարությանը:

«Սա ուղերձ է թուրքական կառավարությանն առ այն, որ Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների դիմելու համազգային կամքն առկա է: Մյուս կողմից՝ սա զգուշացում է Եվրամիությանը, որ Թուրքիայի առջև խոչընդոտներ հարուցելու քաղաքականությունը կարճատեսության և բանականության պակասի արդյունք է: Ռազմավարական սխալ և պարզ էթիկայի կանոնների խախտում կլինի [Եվրամիությունից] դուրս թողնել մի երկիր, որի 80 միլիոն բնակիչների մեծամասնությունը կողմ է եվրաինտեգրման գաղափարին», - նշում էր Այհան Զեյթինօղլուն:

Հետազոտության հեղինակները, սակայն, հատուկ ընդգծում են, որ չնայած Եվրամիությանն անդամակցելու գերակշիռ ցանկությանը, թուրք հանրությունը բավական իրատեսորեն է տրամադրված` հասկանալով, որ տեսանելի ապագայում երկիրը եվրոպական ընտանիքի անդամ հաստատ չի դառնա:

Հարցվածների միայն 31 տոկոսն է կարծում, որ մոտ ապագայում Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ: Առավել լավատեսորեն են տրամադրված երկրի հարավ-արևելյան՝ քրդաբնակ շրջանների բնակիչները:

«Այս տարածաշրջանի բնակիչների ավելի քան 56 տոկոսը չի բացառում, որ Թուրքիան մոտ ապագայում կարող է դառնալ Եվրամիության անդամ», - արձանագրում են «Տնտեսական զարգացման հիմնադրամի» մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG