Մատչելիության հղումներ

Պավել Մանուկյանի կողմից դատավորին վիրավորանք հասցնելու գործով նիստը հետաձգվեց


Պավել Մանուկյանը դատարանում, 9-ը հունվարի, 2018 թ․
Պավել Մանուկյանը դատարանում, 9-ը հունվարի, 2018 թ․

2017 թվականի հուլիսի 26-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում կայացած դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ մեղադրվող՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանին առնչվող նոր գործով այսօր կայացած առաջին նիստին պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

«Պաշտպանական կողմը պարզեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նախագահող դատավորը որևէ հաղորդում չի ներկայացրել իր պատիվը և արժանապատվությունը վիրավորելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մասին, նա նույնիսկ չի էլ հարցաքննվել: Եվ դա այն դեպքում, երբ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի էությունից պարզ է դառնում, որ նրան առաջադրված մեղադրանքն ուղղակիորեն կապված է նախագահող դատավորի պատիվը և արժանապատվությունը վիրավորելու հետ, որտեղ նշված է, որ նա անհարգալից վերաբերմունք է ցույց տվել նախագահողի նկատմամբ, նիստը նախագահող դատավորին անվանելով ցռան մոզի:

Նախաքննական մարմինը գործը հարուցել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, բայց ակնհայտ է, որ դատարանը ներկայացնում է դատավորը»,- այսօրվա նիստին հայտարարեց Մանուկյանի պաշտպանը, ընդգծելով, թե այս դեպքում «մի քանի կարգադրիչներն են որոշել»՝ վիրավորվել է դատավորը, թե ոչ: Պավել Մանուկյանը ևս միացավ այս միջնորդությանը, հայտարարելով․ «Մի՞թե ձեզ համար պարզ չէ այս շինծու երևույթը: Զարմանում եմ, թե դուք ինչպես եք այս գործը վերցրել: Դուք մտածում էիք, որ Սուրբ Մինա՞ս պետք է ասեի»:

Պաշտպանական կողմը միջնորդեց նաև՝ լրացնել դատակոչի ցուցակը և դատավոր Արտուշ Գաբրիելյանին հրավիրել դատարան: Դատարանը միջնորդությունների քննությունը հետաձգեց` նշելով, որ դրանց կանդրադառնա դատաքննության ավարտին: Այսօրվա նիստին որպես Պավել Մանուկյանի պաշտպան ներգրավվեց նաև փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Պավել Մանուկյանի՝ ոտքի հատվածում ունեցած ցավերի պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 2-ը:

«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից 2-ը։ Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրվելը, ապօրինի զենք, զինամթերք կրելը և փոխադրելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG