Մատչելիության հղումներ

«Փարաջանովը գիտեր, որ ինքը հանճար է»


Այսօր լրանում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 94-ամյակը:

1924 թվականին Թիֆլիսում հնավաճառների ընտանիքում ծնված Սերգեյ Փարաջանովը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է ոչ միայն թիֆլիսյան բազմազգ միջավայրում, այլև անընդմեջ ներկա է գտնվել հենց իրենց տանը տեղի ունեցող խնջույքներին, երգ ու պարին, որոնք հաճախ մինչև լուսաբաց էին շարունակվում:

Դեռ վաղ մանկությունից ապրել է գեղեցիկ իրերի, արվեստի գործերի մեջ:

Ի դեպ, նրանց ընտանիքը մինչև բոլշևիկյան հեղափոխությունը Թիֆլիսի ամենահարուստ ընտանիքներից էր: Բոլշևիկների իշխանության տարիներին, սակայն, աստիճանաբար ընտանիքից ամեն ինչ խլում են, բայց հայրը շարունակում է մինչև կյանքի վերջը հնատիպ իրերի առքուվաճառքով զբաղվել:

Թերևս Փարաջանովի գեղագիտությունը, գեղեցկության հանդեպ նրա պաշտամունքը հենց վաղ մանկությունից է սկսել ձևավորվել:

Արվեստի հանդեպ սերը հետագայում նրան տարավ ուսանելու միաժամանակ արվեստի երկու կրթօջախներում․ սկսեց ուսանել Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ բաժնում և Օպերային թատրոնին կից պարային ուսումնարանում: Մասնագիտական կրթությունը շարունակեց Մոսկվայի կոնսերվատորիայում, որին զուգահեռ ընդունվեց մոսկովյան հանրահայտ ВГИК-ի (Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ) ռեժիսուրայի ֆակուլտետը՝ այսպիսով ընդմիշտ նվիրվելով ռեժիսուրային:

Փարաջանովի դիպլոմային աշխատանքը մոլդովական ֆոլկլորի թեմաներով նկարահանած «Անդրիեշ» ֆիլմն էր, որը նվիրված էր իր առաջին կնոջ՝ ծագումով թաթար, ծնունդով մոլդովացի Նիգյարի հիշատակին: Նիգյարին իր իսկ հարազատները գնացքի տակ նետելով սպանեցին այն բանից հետո, երբ նա հրաժարվեց բաժանվել Փարաջանովից և իրենց հետ տուն վերադառնալ: Երիտասարդ Փարաջանովը չուներ կնոջ ազգականների պահանջած գումարը և չէր կարող վճարել նրանց դստեր համար՝ համաձայն ազգային սովորույթների:

Փարաջանովի դիպլոմային աշխատանքին հաջորդեցին այլ ֆիլմեր, բայց 1964-ին Կիևում նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան հռչակ բերեց ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև նախկին Խորհրդային Միությունում և արդեն ողջ աշխարհում:

Նրա մյուս ֆիլմերը, հաջորդելով մեկը մյուսին, արվեստասերներին նորանոր բացահայտումներ էին բերում, որոնք հատկապես ապշեցրին 1968-ին «Հայֆիլմ»-ում նկարահանած «Նռան գույնը» ֆիլմում։

Ընդհանրապես Փարաջանովի ողջ կյանքն ասես ամենատարբեր իրադարձություններով անչափ հագեցած ֆիլմ լինել, որը կարող էր ընդհատվել ամեն վայրկյան․ հատկապես այն բանից հետո, երբ խորհրդային բռնապետական մեքենան սկսեղ նրան բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու գործընթացը: Չնայած այդ ամենին, նա անգամ բանտի անմարդկային պայմաններում էր ստեղծագործում:

Նրա կյանքն ի վերջո ավարտվեց ծանր հիվանդությունից հետո այստեղ՝ Երևանում 1990 թվականի ամռանը իր դեռ կիսակառույց տանը, որտեղ արդեն 27 տարի գործում է Փարաջանովի անունը կրող թանգարանը:

Թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Սովորաբար գնում ենք պանթեոն մտերիմներով, հետո գալիս ենք այստեց, մի թեթև նշում ենք նրա ծնունդը: Զանգում ենք Կիև, շնորհավորում ենք տիկնոջը, տղային: Զարմանալի է, որ այսօր տարբեր տեղեր ինչ-որ արարողություններ պետք է տեղի ունենան, այն մարդիկ, որ նրան հիշում են, սիրում են, պետք է անեն: Դա Թիֆլիսն է, Կիևն է, Ալչևսկ քաղաքն է Լուգանսկի մարզի, որտեղ ինքը նստած է եղել ճամբարում: Ճամբարում մարդիկ կան, որ նրան հիշում են, այսօր էլ պիտի նշեն․․․ Անշուշտ, էս ամեն ինչը հուզիչ է: Օրինակ, մի մարդ, որը բանտում, այդ ճամբարում աշխատել է, երեկ եմ նամակը ստացել, գրել է, որ նրան ուզում էին ճամբարից տանել հիվանդանոցի հոգեբուժարանը, և այնտեղ արդեն այնպիսի դեղեր կտային, որ նա էլ երբեք հետ չէր գա: Բայց, գրում է, քանի որ նրա տրամաբանությունը շատ ուժեղ էր, վախեցան անեն»:

«Փարաջանովը գիտեր, որ ինքը հանճար է: Նա շատ վաղ տարիների լուսանկար ունի՝ երկրագնդի վրա ինքը կանգնած է և ասում է՝ ես հանճար եմ: Այն ժամանակ ոմանք միգուցե դա որպես կատակ էին ընդունում, բայց ես կարծում եմ, որ ինքը իր գինը լավ գիտեր», - եզրափակեց Զավեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG