ԱՄՆ-ը մտադիր չէ իր դիվանագետներին ետ ուղարկել Կուբա: Այս մասին Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում վտանգի ենթարկել Հավանայում դիվանագիտական առաքելության աշխատակիցների առողջությունը՝ չբացառելով այսպես կոչված «ակուստիկական հարձակման» կրկնությունը:
Կուբայում «ակուստիկական հարձակումների» մասին հայտնի դարձավ անցյալ օգոստոսին․ հաղորդվեց, որ ավելի քան երկու տասնյակ ամերիկյան դիվանագետների մոտ նկատվել են առողջական խնդիրներ, մասնավորապես՝ լսողության կորուստ, գլխապտույտ, գլխացավ: Դրանից հետո Հավանայում ամերիկյան դեսպանատունը դադարեցրել է վիզաների տրամադրման սովորական գործընթացը, իսկ Պետքարտուղարությունը ԱՄՆ-ից վտարել է 15 կուբացի դիվանագետների: