Մատչելիության հղումներ

Հարկային փոփոխությունները բացասաբար կազդեն 280 հազար դրամից ավելի ստացողների վրա. պաշտոնյա


Հարկային փոփոխությունները ցածր եկամուտ ունեցողների համար դրական ազդեցություն կունենան։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ Արմինե Մաթոսյանը։

Նրա խոսքով՝ հարկային բեռը տեղափոխվում է բարձր եկամուտ ունեցողների վրա։

«Հարկային շեմը փոխվել է մինչև 150 հազար դրամը և 150 հազար դրամից բարձր եկամուտ ստացողների համար, բայց իրականում, այսինքն՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձի դեպքում 24.4-ի փոխարեն կհարկվի 23 տոկոսով, և 150 հազարից բարձր՝ մինչև 2 միլիոնի դեպքում՝ 28 տոկոս, դրանից բարձր՝ 36 տոկոս։ Այստեղ ոչ թե 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների եկամուտն է նվազում, այլ վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվում է, որ դա 280 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների վրա է բացասական ազդեցություն ունենում։ Այսինքն՝ իրականում ավելի ցածր եկամուտ ունեցողի համար դրական ազդեցություն է ունենում, և բարձր եկամուտ ունեցողների վրա է հարկային բեռը տեղափոխվում՝ 280 հազար անվանական աշխատավարձ ունեցող և դրանից բարձր եկամուտ ունեցողների վրա դա բացասական ազդեցություն կունենա», - ասաց Մաթոսյանը՝ մանրամասնելով. - «Եկամտային հարկը կբարձրանա 28 տոկոս, կդառնա 150 հազարից բարձր, և այստեղ հարկային բեռը որոշակի չափով՝ եկամտային հարկի մասով կավելանա նրանց համար։ Օրինակ՝ 187 հազարի դեպքում եթե հաշվում ենք եկամտային հարկը, մինչև 2017-ը՝ 2017-ի ավարտը, եկամտային հարկը 187 հազարից կազմում էր 46 հազար 937 դրամ, նոր օրենսդրությամբ կազմում է 45 հազար 115 դրամ։ Տեսանելի է, որ եկամտային հարկն այստեղ նվազել է։ Եթե ես ստանում եմ անվանական 300 հազար աշխատավարձ, այդ 300 հազարի մինչև 150-ը կհարկվի 23 տոկոսով, գերազանցող չափը՝ 150 հազարը կհարկվի 28 տոկոսով։ Տարբերությունները դրա հաշվին են գոյանում»։

Մաթոսյանը վիճակագրական մեկ այլ տվյալ էլ ներկայացրեց. - «Մինչև 218 հազար աշխատավարձ ստացողները 2016 թվականին կազմել են 67.3 տոկոս, այսինքն՝ մեր աշխատողների գերակշռող մասը գտնվում է 280 հազարից ցածր եկամուտ ստացողների շրջանում։ Այս առումով, կարծում եմ, որ բացասական արդյունք զգացողների թիվն այդքան մեծ չի լինի»։

Հարցին՝ կարծում է, որ իրո՞ք նրանք մաքուր աշխատավարձ ստացողներն են, թե՞ շատերը կան, որ քիչ են գրում և ստվերային շուկայում ավելի շատ են ստանում, նախարարության պաշտոնյան պատասխանեց. - «Դժվար է գնահատել այս պահին, որ այդ օրենքը կբերի աշխատավարձերի ստվերային մասի ավելացման, որովհետև դրա համար կան նաև տարբեր գործիքներ, որը պետությունը տարբեր ծրագրերի միջոցով կարող է խթանել։ Ես կարող եմ մի օրինակ բերել՝ նույն եկամտային հարկի միջոցով հետվերադարձը հիպոթեքային: Մինչև 22 թվականը նվազագույն աշխատավարձը կբարձրացվի՝ ոչ 2018 թվականին, բայց հաջորդ տարիներին անպայման»։

«Ես հուսով եմ, որ մեր քաղաքացիների վրա բացասական ազդեցությունն այնքան չի լինի, որ նրանք ստիպված լինեն դուրս գալ փողոց և դրա համար պայքարել», - հայտարարեց Արմինե Մաթոսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG