Մատչելիության հղումներ

Ռոհանին աջակցություն է հայտնել ցուցարարներին


Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը օրինական իրավունք ունի պահանջներ ներկայացնելու իշխանություններին և որ իշխանությունները պետք է տեսնեն ու լսեն այդ պահանջները:

Պետական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում Ռոհանին ասել է, որ ցույցերի իրական թիրախը մեծ ուժ ունեցող, պահպանողական հոգևոր դասի ներկայացուցիչներն են, որոնք ընդդիմանում են իրանցիների անհատական ազատությունները ընդլայնելու և Արևմտյան երկրների հետ հարաբերությունները բարելավելու իր պլաններին:

«Իրանի ժողովրդի համար վիրավորական են հայտարարությունները, թե նրանք միայն տնտեսական պահանջներ ունեն: Դա սխալ պատկերացում է տալիս ցույցերի մասին: Ժողովուրդը տնտեսական, քաղաքական և սոցիալական պահանջներ ունի»,- ասել է Իրանի նախագահը, շարունակելով,-«Մենք պետք է պարզապես ընդունենք, որ վերջին խոսքը ժողովրդինն է»:

Իրանի փաստացի ղեկավարը համարվում է հզոր լծակների տիրապետող հոգևոր առաջնորդը, ով ավելի վաղ անհանգստությունների համար մեղադրել էր Արևմուտքին:

Այսօր այդ գիծը առաջ է մղել Իրանի արտաքին գործերի նախարարը՝ արտաքին երկրներին զգուշացնելով հեռու մնալ Իրանը ապակայունացնելու փորձերից:

Հունվարի 8-ին Թեհրանում կայացած անվտանգության հարցերով համաժողովում Մոհամադ Ջավադ Զարիֆը ասել է, թե ոչ մի երկիր չի կարող իր ներսում անվտանգ միջավայր ստեղծել, հարևան երկրներում ապակայունության սերմանելու հաշվին: Նա զգուշացրել է, որ նման փորձերը անխորժ հետևանքներ կունենան:

Սակայն բարեփոխականները հակադարձել են անհանգստությունները դրսի ուժերին վերագրելու պաշտոնական դիրքորոշմանը: Ռեֆորմիստների առաջատար 16 ներկայացուցիչներ հայտարարություն են ստորագրել, որում ասված է. ֊ «Չնայած երկրի թշնամիները միշտ փորձում օգտագործել նման իրավիճակը, սակայն մենք պետք է գիտակցենք, որ առանց ներքին պայմանների առկայության՝ դրսի որևէ միջամտություն հնարավոր չէ»:

Նրանք նշել են, որ արտաքին միջամտության մասին Կառավարության հայտարարությունները վիրավորում են իրանցիներին և որ դրանով անուշադրության են մատնվում բողոքի ցույցերի իրական պատճառները:

Հունվարի 7-ին ռեֆորմիստների առաջարկով Իրանի խորհրդարանը փակ նիստ է գումարել՝ քննարկելով հակակառավարական ցույցերի թեման: Ըստ խորհրդարանի կայքի հաղորդագրության՝ որոշ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել Իրանում ինտերնետի հասանելիությունը սահմանափակելու, մասնավորպես Telegram հավելվածը արգելափակելու կապակցությամբ:

Իրանի 80 միլիոն բնակչության մոտավորապես մեկ երրորդը Telegram-ի հավելվածը օգտագործում է որպես պետական խիստ վերահսկողության տակ գտնվող մամուլը շրջանցող լուրեր ստանալու հիմնական աղբյուր:

Հաղորդվում է, որ Կառավարությունը վերացրել է Instagram-ի արգելափակումը: Չնայած ըստ FARS գործակալության լիովին վերացվել է նաև Telegram-ի արգելափակումը, բայց հունվարի 7-ին Telegram-ը մնում էր արգելափակված:

Իրանի հակակառավարական ցույցերի թեման, այդ երկրի արտգործնախարարի հետ մտադիր է քննարկել Եվրամիությունը: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կիրակի օրը ZDF TV հեռուստաընկերությանը ասել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերկա Մոգերինիի հետ համաձայնել են Մոհամադ Ջավադ Զարիֆին հանդիպման հրավիրել:

«Մենք շատ արագ հաստատեցինք ցույցերի ազատությանը աջակցելու մեր դիրքորոշումը»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը, միաժամանակ տարածություն պահելով ցուցարարներին աջակցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից, ով խոստացել էր աջակցել ցուցարարներին իշխանության դեմ պայքարում:

«Ազատություն» ռադիոկայանի հավաստի տեղեկություններով անցած շաբաթ օրը՝ հունվարի 6-ին, բողոքի ցույցերը շարունակվել են Իրանի ինը քաղաքներում, ներառյալ Թեհրանում:

Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակված անկարգությունների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, մոտավորապես 1700 մարդ ձերբակալվել է: Թեհրանի դատախազը հայտնել է, որ տասնյակ ձերբակալվածներ ազատ են արձակել, այդ թվում ուսանողներ: Պետական մամուլը հաղորդում է, որ նրանք ցույցերին այլևս չմասնակցելու ստորագրություն են տվել: Այսօր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը, արդարադատության փոխնախարար Համիդ Շահրիարին ասել է, որ Իրանի վերնախավի դեմ անկարգությունների կազմակերպիչներն ու առաջնորդները պետք է առավելագույն պատիժը կրեն:

Հիշեցնեք, որ Իրանում առավելագույն պատիժը մահապատիժն է, որը դատարանները կարող են ընդունել մի շարք հանցագործությունների, մասնավորապես՝ դավաճանության, սպանության, կամ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքների դեպքում:

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը անհանգստությունները որակել է «խռովության փորձ»:

Իրանի խորհրդարանի պատգամավոր Թայեբեհ Սիավաշին կիսակառավարական ILNA գործակալությանը ասել է, որ ձերբակալվածներից մեկը՝ 22-ամյա մի մարդ, բանտում մահացել է: Իշխանությունները պատգամավորին ասել են, թե նա ինքնասպանություն է գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG