Մատչելիության հղումներ

«Աջ ղեկ» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ակցիաները


«Աջ ղեկ» նախաձեռնության բողոքի ակցիան, 8-ը հունվարի, 2018թ․

Աջակողմյան ղեկով մեքենաների վաճառքը ապրիլի 1-ից հետո չի արգելվի, Կառավարության այս հայտարարությունն այսօր պատճառ դարձավ որպեսզի «Աջ ղեկ» նախաձեռնությունը դադարեցնի բողոքի ակցիան։ Ցուցարարները դեռ չէին էլ հասել Կառավարության շենքի դիմաց, երբ իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում տեղադրվեց աջ ղեկով մեքենաների վերաբերյալ նոր, լրամշակված որոշման նախագիծը, ըստ որի, ապրիլի 1-ից հետո կարգելվի միայն այդ մեքենաների ներմուծումը, իսկ մինչ այդ արդեն աջ ղեկով մեքենա ունեցողները կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել այն:

«Աջ ղեկ» նախաձեռնությունը հայտարարեց, որ մասամբ բավարարված են և ժամանակավորապես դադար են վերցնում։ ֊ «Մենք մեր պահանջներից գլխավորին հասել ենք, այսինքն՝ վերահաշվառման արգելքը, որ վերացել է՝ սրանով արդեն մեր նպատակներից մեկը մենք համարում ենք հասած», ֊ հայտարարեցին նրանք:

Այդուհանդերձ, նախաձեռնությունը խոստանում է վերսկսել պայքարը, մտադիր են ի վերջո հասնել նաև աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացմանը։

Ցուցարարներին այսօր մոտեցած Տրանսպորտի նախարարության Տրանսպորտի վարչության պետի տեղակալը հայտարարեց, որ Կառավարությունը կրկին պատրաստ է բանակցություններ սկսել նախաձեռնության հետ․ ֊ «Մենք միշտ բաց ենք, պատրաստ ենք քննարկելու, բայց ոչ այս կոնտեքստում՝ շատ կներեք արտահայտությանս՝ ծառի տակ»:

Հայաստանում այս պահի դրությամբ աջ ղեկով մոտ 32 հազար ավտոմեքենա կա: Թեև չկա պաշտոնական վիճակագրություն, գործադիրը պնդում է, որ աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաներ վարելը աջակողմյան երթևեկություն ունեցող հայաստանյան երթևեկության մեջ վտանգավոր է:

«Աջ ղեկ» նախաձեռնությունը, մինչդեռ, համակարծիք չէ Կառավարության հետ․ առաջարկները ամբողջացնելուց հետո ցանկանում են ներկայացնել անձամբ վարչապետին։

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները կառավարության հետ երկու անգամ արդեն հանդիպել են․ նախորդ տարեվերջին անցկացված բողոքի ցույցից հետո նրանց ընդունել էր նաև տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը։ Չստանալով հստակ պատասխան՝ նախաձեռնությունը երեկ Երևանում ավտոերթ էր կազմակերպել։

Այսօր տարակարծություն նկատվեց նաև ցուցարարների միջև, Կառավարության շենքի դիմաց հավաքված վարորդների մի մասը ընդհանրապես գոհ չէր գործադիրի ներկայացրած լրամշակված տարբերակից։ Ոմանք շարունակեցին ևս մի քանի ժամ մնալ Հանրապետության հրապարակում, պահանջելով հանդիպում Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ով ի դեպ արձակուրդում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG