Մատչելիության հղումներ

Վանաձորցի Ձմեռ պապ․ Երեխաները երջանիկ են, մաման, պապան՝ պասիվ


Վանաձորն այս Ամանորի տոներին, նախորդ տարիների համեմատ, ավելի լուսավոր ու զարդարված է: Քաղաքի կենտրոնական հրապարակը հատկապես երեկոյան ժամերին մարդաշատ է, իսկ լուսանկարվել առաջարկող Ձմեռ պապերի ու մեկնարկած տարվա խորհրդանիշ շնիկների պակաս չի զգացվում։

Բայց Ձմեռ պապերն ու Ձյունանուշներն ամեն դեպքում դժգոհում են՝ մարդիկ պասիվ են ու անտարբեր անգամ իրենց ջերմ մաղթանքներին․ - «Երեխաները ավելի երջանիկ են, բայց պապան և մաման պասիվ են: Գումարը երևի թե չի հերիքում»:

Հարցված վանաձորցիներն ասացին, որ 200-400 դոլար են ծախսել Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնելու համար:

Միջին տարիքի մի վանաձորցի ասաց․ - «Զոմբիացած վիճակում ենք․․․ Որովհետև էս Նոր տարին արինք, մտածում ենք, թե էդ բանկերի պարտքերը ոնց պըտի փակենք»:

Հրապարակում շրջող Ձմեռ պապերը նշեցին, որ հիմնականում եկամուտը կիսելու տարբերակով են գումար աշխատում, անգամ ասացին, որ որոշ դեպքերում գործընկերը բարձրաստիճան ոստիկան է՝ առանց անուն նշելու։

Լուսանկարիչ Հարութը ևս Նոր տարին Վանաձորի հրապարակում է դիմավորել։ Ասաց, որ հետևում էր մարդկանց տրամադրություններին, լուսանկարում ու բարեմաղթանքներ փոխանակում․ - «Քաղաքի բնակչությունը պակասել է, բայց հոսքը հրապարակ չպակասեց: Նորմալ էր, կար»:

42 տարվա լուսանկարիչն ասում է, որ տոնական 10 օրերին հնարավորություն ունեցավ փոքր-ինչ գումար աշխատել, մրցակիցներ քիչ ուներ, իսկ խանգարողներ չեն եղել։

Տոնական օրերին Վանաձորի հրապարակում էին նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահները՝ ուրվապատկերների տեսքով՚ Նրանց հետ լուսանկարվել ցանկացողների պակաս ևս չի զգացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG